Ոստիկանության Մոսկովյան փողոցի շենքը կօտարվի մրցույթով. շենքի տեսքը չի փոխվի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց թույլատրել Պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երեւան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքը և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը որոշել է օտարման ներկայացնել այդ գույքը:
«Արժեքը 100 տոկոսի չափով պետք է լինի որպես մեկնարկային գին՝ 1 294 090 800 դրամ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Սա ծրագրով է օտարվում, այսինքն ոչ թե միայն պետք է ձեռք բերելու ցանկություն լինի, այլ նաև բովանդակությունը գործարքի անբաժանելի մաս է համարվում: Կառավարությունը սպասում է առաջարկների, ծրագրերի»:
Այսինքն՝ հստակ նշված է լինելու, թե ինչ է կարելի անել շինարարության ընթացքում, ինչը՝ ոչ, դրա մեջ մտնում է նաև շենքի հարկայնությունը, նպատակը և այլն: Շենքի արտաքին տեսքի միջամտություններ չեն կարող լինել: