95480 դիտում
14:20 10-06-2020
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանի հանրային լողափում՝ ափից 20 մետր հեռավորության վրա, լճի մեջ, հայտնաբերվել է 16-ամյա 2 տղայի դի
Այսօր՝ հունիսի 10-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրասուզակը Սևանի հանրային լողափի տարածքում գտնվող Սևանա լճից դուրս է բերել 2 երեխայի դի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանը։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած երեխաները Սևան քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Կ. Պ-ն էր և 16-ամյա Լ. Ս-ն։
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաներն իրենց հասակակից ընկերների հետ եկել էին Սևան՝ լողալու, և ջրասուզակը նրանց դիերը հայտնաբերել է ափից մոտ 20-25 մետր հեռավորության վրա՝ լճի մեջ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: