88905 դիտում
09:20 07-06-2020
Ողբերգական ավտովթար Երեւանում.40-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է երկաթե ցանկապատերին, կոտրել դրանք, այնուհետեւ փլուզել բնակչի քարե պարիսպն ու կողաշրջվել. Վերջինս տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Ժամը 01:20-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Էլյազյանը իր վարած BMW X 5 մակնիշի 87 RO 087 համարանիշի ավտոմեքենայով դեռեւս անհայտ հանգամանքներում Նուբարաշենի 14-րդ փողոցում բախվել է թիվ 1 տան երթակե ցանկապատերին, կոտրել դրանք, այնուհետեւ առաջ ընթանալով բախվել թիվ 16 փողոցի 1-ին տան պատին եւ կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայի տակից դուրս են բերել բնակիչները եւ վթարի հարեւանությամբ գտնվող ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանք արձանագրել են վարորդի մահը:
Բախման հետեւանքով կոտրվել են տներից մեկի երկաթե ցանցե ճաղավանդակները եւ քարե պարիսպը:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի գիշերվա առաջին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայր է ժամանել նաեւ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+