2249 դիտում
23:17 06-06-2020
ՀԿ-ների հայտարարությունը՝ անձնական տվյալների մշակման համակարգի թափանցիկության ապահովման վերաբերյալ
Ս․թ․ հունիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, արձագանքելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի եւ քաղաքացի Իզաբելլա Սարգսյանի թիվ 345-45 հարցմանը, պատասխանել է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ արագ բացահայտման նպատակով գործարկված հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգը ստեղծվել է հայ կամավոր ծրագրավորողների կողմից։
Մանրամասնելով, թե՝ «ծրագրավորողները չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, չեն համաձայնել, որ իրենց կողմից անվարձահատույց օժանդակության փաստը հանրայնացվի», Սիսեռյանը հրաժարվել է հավելյալ տեղեկություններ հրապարակել։
Եվրոպայի խորհրդի 108-րդ կոնվենցիայի հանձնաժողովի նախագահի եւ ԵԽ Տվյալների պաշտպանության հանձնակատարի մարտի 30-ի համատեղ հայտարարությունում նշվում է․ «Թափանցիկությունը եւ վերլուծական տվյալների եւ AI համակարգերի «բացատրելիությունը», նախազգուշական մոտեցումը եւ ռիսկերի կառավարման ռազմավարությունը (այդ թվում՝ անոնիմիզացված տվյալների վերաանձնականացման ռիսկը), տվյալների որակյալ եւ նվազագույն ծավալով օգտագործումը, ինչպես նաեւ մարդկային վերահսկողությունը այն առանցքային դրույթներից են, որոնք պետք է հաշվի առնել COVID-19 դեմ պայքարում նորարական լուծումներ ստեղծելու հարցում»։
Ապրիլի 2-ին մի խումբ հայաստանյան հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ թե որ կառույցներն են ներգրավված քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործընթացում՝ պետական, թե մասնավոր, ինչպե՞ս է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, եւ հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին:
Հարգելով «հայ կամավոր ծրագրավորողների»՝ անանուն մնալու ցանկությունը՝ հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում գործ ունենք հանրության շահերին առնչվող հարցի հետ, իսկ պատշաճ, ժամանակին եւ լիարժեք տեղեկատվության բացակայությունը ստեղծում է ապատեղեկատվության եւ ենթադրությունների տարածման հնարավորություն։ Ուստի, իշխանություններին կոչ ենք անում․
- հրապարակել կամավորների անունները, նրանց հետ կնքված պայմանագրերով նախատեսված կողմերի պարտավորությունները եւ տեխնիկական առաջադրանքը՝ ներառյալ համակարգի աշխատանքի սկզբունքներն ու կառուցվածքը;
- սահմանել տվյալների մշակման՝ հավաքագրման, օգտագործման եւ կիրառումից հետո դրանց ոչնչացման նկատմամբ հանրային վերահսկողության գործուն մեխանիզմներ;
- հանրությանը ամբողջական, հասանելի եւ հասկանալի տեղեկություն տրամադրել համակարգի գործարկման եւ տվյալների օգտագործման մանրամասների մասին եւ պարբերաբար տեղեկատվություն հրապարակել դրա կիրառման արդյունավետության մասին։
Իզաբելլա Սարգսյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Երեւանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Հայտարարությունը բաց է միանալու համար, ցանկացողները կարող են գրել [email protected] հասցեով։
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
16:48 31-05-2016
ՀՀ ԱՆ անձնական տվյալների գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին
697 դիտում
10:26 19-06-2014
Բուհերի աշխատակիցները որակի ապահովման համակարգի մշակման և բարելավման թեմայով վերապատրաստում են անցել
Այս բաժնից
382 դիտում
18:47 16-05-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրենին
394 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը
451 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան