211652_close_icon
views-count4130 դիտում article-date 09:25 04-06-2020

Բիլ Գեյթսը, նրա շուրջ դավադրությունների տեսությունը և հաջորդ համաճարակների հնարավորությունը․ «Ամերիկայի ձայն»

«Մայքրոսոֆթ» ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսն անցած մեկ տասնամյակի ընթացքում պարբերաբար էր նախազգուշացնում վարակիչ հիվանդությունների տարածման դեմ աշխարհի երկրների անպատրաստ լինելու վիճակի մասին: Նա շարունակ էր հայտարարում, որ դրա արդյունքում վարակիչ հիվանդությունները կարող են վերածվել համաճարակի: Սակայն այսօր, երբ աշխարհը հայտնվել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, նույն աշխարհի մի զգալի հատվածը Բիլ Գեյթսին է մեղադրում այդ համաճարակի տարածման մեջ, ու տարածում դավադրության մասին վարկածներ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5447832.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Սոցիալական ցանցերում այս օրերին մեծ տեղ են զբաղեցնում Գեյթսին դատապարտող մեկնաբանությունները: Ու զավեշտալին այն է, որ այդ բովանդակությամբ հրապարակումները հայտնվում են Ֆեյսբուքում Բիլ Գեյթսի այն տողերին ի պատասխան, որոնցով վերջինս իր երախտագիտությունն է հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարող աշխարհի բժիշկներին: Դատապարտում են մի մարդու, որն իր գործունեության երկրորդ հատվածը նվիրել է բարեգործությանը, միլիոնավոր դոլարներ նվիրաբերել վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու, հիվանդությունները վերահսկելու համար` ջանք չխնայելով աշխարհում տարբեր հիվանդությունների դեմ պատվաստանյութերը հասանելի դարձնելու գործում: Պատվաստանյութեր, որոնք նրա միջոցով բազում կյանքեր են փրկել կարմրուկի և պոլիոյի` ոսկրախտի դեմ պայքարում: Նրան մեղադրում են մարդկանց թիվն աշխարհում կրճատելու նպատակների, մարդկանց չիպավորելու ծրագրեր ունենալու մեջ: Միացյալ Նահանգները որոշեց դադարացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը: Հիմա կան դավադրության վարկածներ այն մասին, որ «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը դարձել է ԱՀԿ-ի գլխավոր դոնորը, քանի որ ունի գաղտնի շարժառիթներ: Այլոք կարծում են կամ վստահ են, կամ էլ ուզում են պարզապես մյուսներին համոզել, որ Բիլ Գեյթսն ունի կորոնավիրուս 2 վարակի դեմ պատվաստանյութի հեղինակային իրավունքը, և այս համաճարակը ստեղծվել է նոր պատվաստանյութի համար, որից, ըստ նրանց, մեծապես շահելու է Գեյթսը: Այս մեղադրանքները հերքելու բոլոր ապացույցները կան, սակայն այդ լուրերը տարածողները լավ գիտեն, որ մարդկանց մի հոծ զանգվածի համար բացատրություն հարկավոր չէ: Գիտեն, որ այդ զանգվածը պարզապես սիրում է վարկածների ու դավադրությունների մասին պատմություններ ու դրանց հավատում է շատ հեշտությամբ ու շատ արագ: Սակայն իհարկե լուրջ հարթակներում հիմնականում ֆեյսբուքյան այս հարձակումները չեն էլ քննարկվում: Ինչպես ԱՄՆ-ում շատ հայտնի The Daily Show հեռուստաշոուի սոցիալական հեռավորությամբ հարցազրույցի ժամանակ է Գեյթսն ասում, միայն ինքը չէ, որ ժամանակին աշխարհի երկրներին ու կազմակերպություններին իրենց մտահոգությունն են հայտնել նոր վիրուսների դեպքում համաճարակ սկսվելու վտանգի մասին: «Աշխարհի ժողովուրդների բախտն էր, որ էբոլա հիվանդությունը ժամանակին չտարածվեց այնպիսի արագությամբ, ինչպես տարածվում է կորոնավիրուսը: Էբոլան տարբերվում էր նոր կորոնավիրուսից նրանով, որ վարակը կրող անձինք անմիջապես ցույց էին տալիս հիվանդության ախտանիշներ, ու այդ պատճառով մեկուսացվում էին մինչև տասնյակ այլոց վարակելը», ասում է Գեյթսը: Քանի որ Բիլ Գեյթսն ունի ամբողջ աշխարհում մալարիայի դեմ, ու հատկապես Աֆրիկայում պայքար մղելու փորձառություն, հաղորդավարի հարցին, ինչ պիտի արվի այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարում, երբ աշխարհի երկրները մեծապես ուշացրել են հիվանդության դեմ հատուկ գործողություններ իրականացնելու պահը, Բիլ Գեյթսը պատասխանում է, նշելով մարդկանց շփման ձևերի փոփոխության ու պաշտպանական մեթոդները հարգելու կարևորությունը: «Սակայն ամենակարևորն այս պահին պատվաստանյութ գտնելու հանգամանքն է, որը հասանելի պիտի դարձնել ամբողջ աշխարհին», ասում է նա: Պետք է գործել խելամտորեն, որպեսզի տնտեսությունը փրկելու ճանապարհին չկորսվեն մարդկային կյանքեր: «Եվ տնտեսությունները վերաբացելու որոշում կայացնելիս, հարկավոր է խելամիտ ու զգույշ իրականացնել այն»: «Մայքրոսոֆթ» ընկերության համահիմնադիր, բարեգործական ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը կարծում է, որ այս պահին գլխավորն այս պայքարում թեստավորումն է, որպեսզի լինի կասկածելի ախտանիշներ ունեցող բոլոր անձանց ստուգելու հնարավորություն: Նրա խոսքերով, դեռ նորանոր համաճարակներ կարող են սպառնալ աշխարհի ժողովուրդներին: «Սա», ասում է նա, «դեռ բնական եղանակով առաջ եկած համաճարակ էր: Սակայն կարող են լինել նաև ոչ բնական, ահաբեկչական կենսաբանական հարձակումներ: Այս համաճարակը մի լավ դաս էր աշխարհին, քանի որ, ի տարբերություն էբոլայի, որը տարածվեց միայն Աֆրիկայում, կորոնավիրուսը տարածվեց ամբողջ աշխարհում ու դարձավ ամբողջ աշխարհի հոգսը` այսպիսով ստիպելով այդ աշխարհին մեծապես շեշտել հաջորդ համաճարակների դեպքում պատրաստ լինելու կարևորությունը»:

Նմանատիպ նյութեր