211652_close_icon
views-count893 դիտում article-date 13:16 27-05-2020

Ռուսական «ՊրոմՍտրոյը» լիցենզիա ստացավ և կկառուցի Մարտունի ԲԿ-ի նոր շենքը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց թույլ տալ ՌԴ-ում գրանցված «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել շինարարական գործունեություն՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների շինարարության բնագավառում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագիրը (այսուհետ՝ Վարկային ծրագիր) իրականացվում է 2013թ.-ից և նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության ծառայությունները` իրականացնելով առողջության առաջնային պահպանման մակարդակում ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, վաղ հայտնաբերում և կառավարում, ինչպես նաև Հայաստանի ընտրված հիվանդանոցների գործունեության արդյունավետությունն և որակը: 43.3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ (որից ՀԲ մասնաբաժինը 35 մլն է) Վարկային Համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին, իսկ ծրագրի ավարտման ժամկետ է սահմանվել 2022 թվականը: Վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ արդիականացում․ նոր շենքի կառուցում և հագեցում բժշկական սարքավորումներով և կահույքով։ Կառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան 2019թ. դեկտեմբերի 23-ին հայտարարվել է ազգային մրցույթ։ Մրցութային պայմաններին բավարարող՝ ամենացածր գին առաջարկած մասնակից է ճանաչվել «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն և համատեղ գործող «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն։ Համատեղ գործունեությամբ հանդես եկող կազմակերպություններից մեկը՝ «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն օտարերկրյա կազմակերպություն է:

Նմանատիպ նյութեր