1578 դիտում
17:34 26-05-2020
Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականզերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 25-ին Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականզերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվեց, որ մաքրվել է երկու ականադաշտ՝ մոտ 51000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 200 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ: Հալեպի իշխանություններին հանձնվեցին նաև ականազերծված տարածքների քարտեզները, ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները:
Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Ահմեդ Յասինը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հակամարտող կողմերի հաշտեցման Հալեպում տեղակայված ռուսական կենտրոնի ղեկավարությունը, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, այլ պաշտոնատար անձինք:
Ողջունելով հյուրերին` Արկադի Տոնոյանը համառոտ ներկայացրեց ականազերծման գործառույթները և ընթացիկ տարում կատարված աշխատանքները, վստահություն հայտնեց դրանց շարունակականության վերաբերյալ.
- Գարնանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում, հայ սակրավորները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 5 հեկտար հողատարածք. հայտնաբերել և վնասազերծել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ:
Ողջունելով հյուրերին` փոխնահանգապետ Ահմեդ Յասինը կարևորեց կենտրոնի աշխատանքները և հույս հայտնեց, որ ականազերծման գործընթացի ակտիվացումը կնպաստի Հալեպի ժողովրդի վերադարձին իրենց բնակավայրեր.
- Ամենամյա ականազերծման աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ գլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը:
Այսպիսով, Հումանիտար առաքելություն իրականացնող խումբն իր գործունեության ամբողջ ընթացքում Հալեպի իշխանություններին օգտագործմանն է հանձնել 142.000 քառակուսի մետր ականազերծված տարածք:
Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2279 դիտում
19:14 30-07-2022
Հալեպում ՀՀ հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է բժշկական պարագաներ
1935 դիտում
22:42 21-09-2020
Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք
Այս բաժնից
1312 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
892 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար