60065 դիտում
19:15 24-05-2020
Կասկադյորական ավտովթար Երևանում. բուսաբանական այգու դիմաց BMW-ն բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին և կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:15-ի սահմաններում, BMW մակնիշի 46 RO 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա և Ավան վարչական շրջանի տարածքում գտնվող էստակադայի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե եզրաքարերին, կոտրել մի քանիսն ու կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+