211652_close_icon
views-count65056 դիտում article-date 17:30 14-05-2020

Ռուսաստանի Դաշնությունից կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները

Ռուսաստանի Դաշնությունից մայիսի 15-ին կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին, ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը: «Մայիսի 15-ից արդեն կանոնավոր չվերթներ են վերականգնվելու Ռուսաստանից, ու Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին որոշակի կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ ՀՀ՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանման պայմաններով»,- ասաց Ավինյանը: Մարտի 13-ից Ռուսաստանից ՀՀ կառավարության ջանքերով Հայաստան է վերադարձել 2000-ից ավելի քաղաքացի: Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 016 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 դեպք:

Նմանատիպ նյութեր