2828 դիտում
23:36 09-05-2020
Ռաֆայել Թեյմուրազյան. Ղարաբաղյան շարժմանն ենք պարտական մեր երկրի՝ առանց բացառության բոլոր ձեռքբերումների համար
Քաղաքական այս խառը ժամանակներում իմ կողմնացույցը ղարաբաղյան շարժման նկատմամբ ճառողների վերաբերմունքն է։ Որքան էլ վեհ խոսքեր ասի որևէ հռետոր, հենց մի պահ նսեմացնում է այդ շարժման նշանակությունն ու ձեռքբերումները, միանգամից պարզ է դառնում, որ նպատակներն այլ են։
Ղարաբաղյան շարժմանն ենք պարտական մեր երկրի՝ առանց բացառության բոլոր ձեռքբերումների համար, որոնցով այսօր հպարտանում ենք։
Ամեն ինչ մեր դեմ էր. երկրաշարժ, շրջափակում, փլուզված կայսրության փլատակներ, հարյուր հազարավոր փախստականներ, տնտեսական, էներգետիկ, ֆինանսական ճգնաժամեր, պատերազմ ու ամեն ինչով մի քանի անգամ գերազանցող հակառակորդ... և այս պայմաններում, Բագրատունիներից հետո առաջին անգամ, այս տարածաշրջանում Հայաստանը դարձավ ռազմաքաղաքական լուրջ գործոն, որի հետ ստիպված են հաշվի նստել բոլորը։
Քաղաքական նեղ շահերից ելնելով՝ տասնամյակներ շարունակ նսեմացվել են դրա նշանակությունը, մեր ժողովրդի, նոր ձևավորվող պետության անհավանական հաջողությունները։ Ժողովրդից խլվել է իր սխրանքի արժեվորումը, մի ողջ երկիր նվաստացվել, վզները ծռել ու անհուսության մատնել։
Անցյալի սխրանքն ու նվաճումները գնահատելը հույսի և պատասխանատվության կարևոր ազդակ է, որը մեզ դրդում է ավելի մեծ ջանքերի ապագայի համար։ Փետրվարի 20-ը պետք է պետական տոն հռչակվի՝ միասնության ու հաղթանակի օր։
Երեխա էի այդ տարիներին, բայց մեջս տպավորվել է մի շրջան, երբ լարային ռադիոն, որը տեղեկատվություն ստանալու միակ աղբյուրն էր, լուրերի թողարկումները սկսում էր այսպես. «Շուշին ազատագրված է։ Բարի երեկո» կամ «Հաթերքն ազատագրված է։ Բարի երեկո»... վազում էինք պատի մեծ քարտեզի վրա սահմանը մատիտով մի քիչ առաջ գծում։ Այնքան էի ձեռքով քարտեզ նկարել, որ մինչև հիմա մնացել է հիշողությանս մեջ. այսօր էլ, երբ հարկ է լինում, գրատախտակի վրա կավիճով սահմանը կարողանում եմ գծել։
Հաղթանակի, հաջողության շատ բարձր նշաձող է դրված։ Այն պահելու և զարգացնելու համար ոչ թե պետք է նսեմացնենք անցյալն ու իջեցնենք այդ նշաձողը, այլ՝ ճիշտ գնահատենք մեր ուժերը, հասկանանք մեր պոտենցիալը և չվախենանք դրանից։
Շնորհավոր Շուշիի ազատագրման օրը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
574 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
598 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1213 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN