211652_close_icon
views-count3791 դիտում article-date 19:20 22-04-2020

Մայիսի 1-ից գազալցակայաններում խաղային ավտոմատներ չեն լինի

2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում Թավշյա հեղափոխության քայլարշավից տեսանյութ էր հրապարակել, որում խոսում էր գազալցակայաններում տեղադրված խաղային ավտոմատների մասին. «Դրանք, ըստ էության քաղաքացիներին կողոպտելու եղանակ են և պետք է վերջ տրվի: Մենք կազինոների նկատմամբ սահմանափակումներ ենք մտցնում, սակայն գտնվում են մարդկանց կողոպտելու նոր ձևեր,-ասում էր Փաշինյանը: Հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսի 24-ին, ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ «Էլ լոտո» խաղային ապարատների սեփականատեր «Գուդվին» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Պատճառը՝ մի շարք լրատվական կայքերում տեղ գտած հրապարակումներն էին առ այն, որ տեղադրելով ապարատները ՀՀ գրեթե բոլոր գազալցակայանների տարածքներում ու Երևանի վարչական տարածքում, ընկերությունը խախտում է ոչ միայն օրենքը, այլև նպաստում խաղամոլության տարածմանը: Գրության մեջ ՀՔԱՎ գրասենյակը մեջբերել էր «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը հստակ սահմանում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից հետո այդ խաղային ավտոմատները կարող են տեղակայված լինել բացառապես սահմանված վայրերում՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Կառավարության սահմանած հեռավորության վրա, ինչպես նաև՝ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Նույն օրենքի 9-րդ հոդվածով էլ՝ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնող մարմինը` տվյալ դեպքում ՊԵԿ-ը՝ տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով և դրա արդյունքներով, սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում կիրառում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները։ 2018 թ. հունիսի 27-ին պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կ. Կարապետյանը պատասխան գրությամբ ՀՔԱՎ գրասենյակին տեղեկացրել էր, որ ֆինանսների նախարարությանը մեթոդաբանական հարցում են ուղարկել՝ ճշտելու «Գուդվին-Բետ» ընկերության կողմից վիճակախաղերի կազմակերպման և անցկացման օրինականությունը՝ ելնելով հանգամանքից, որ 2011 թ.-ից ֆինանսների նախարարությունը վերջինիս տրամադրել է վիճակախաղերի կազմակերպման համապատասխան լիցենզիա: Քանի որ Կ. Կարապետյանի գրությունն անորոշ էր ու բարձրացված խնդրին՝ ոչ հստակ պատասխանող, 2018 թ.-ի հուլիսի 3-ին ՀՔԱՎ գրասենյակը նոր գրությամբ կրկին դիմեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ նույն՝ «Գուդվին-Բետ» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Գրասենյակն Անանյանից միաժամանակ խնդրել էր «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին տրամադրված լիցենզիայի պատճենը՝ հիմնավորումների հետ միասին: Պատշաճ գործելաոճ ու քայլեր չարձանագրելով ՊԵԿ ղեկավարության կողմից՝ ՀՔԱՎ գրասենյակը 2018 թ. օգոստոսի 22-ին վարչական բողոք է ուղարկել Դ. Անանյանին՝ պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կ. Կարապետյանի վերոհիշյալ որոշման դեմ, որով վերջինս տեղեկացրել էր, որ «Գուդվին-Բետ»-ն ունի վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա և 2015 թ.-ի մայիսի 30-ից համաձայնություն է տրվել ընկերության ներկայացրած «Էլ լոտո» ֆիրմային անվանումով վիճակախաղի կազմակերպմանն ու անցկացմանը։ Կ. Կարապետյանը նաև հայտնել էր, որ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: ԱԺ-ի հավանությանն արժանանալու դեպքում այդ սարքերի շահագործումը կդիտվի որպես շահումով խաղ և այդ գործունեության վրա կտարածվի «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը: Ստացվում է, որ թեև իր նախորդ 2 գրություններում ՀՔԱՎ գրասենյակը մանրամասն ու հիմնավոր ներկայացրել էր այն օրենսդրական կարգավորումները, համաձայն որոնց՝ խաղային ապարատները Երևան քաղաքի վարչական տարածքում և Ջերմուկ, Ծաղկաձոր, Սևան, Մեղրի քաղաքների վարչական տարածքների սահմաններից դուրս չեն կարող տեղադրվել, «Էլ լոտո»-ի սեփականատեր «Գուդվին-Բետ» ընկերությունը, խախտելով վերոհիշյալ օրենքի պահանջը, դրանք տեղակայել է օրենքով չնախատեսված վայրերում, ինչը Կառավարությանն առընթեր ՊԵԿ ՕՀ վարչության պետի կարծիքով, օրենքի խախտում չէ։ Այս ամենը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 69-72-րդ հոդվածներով՝ ՀՔԱՎ գրասենյակը նոր գրությամբ պահանջել էր Դավիթ Անանյանից անվավեր ճանաչել Կ. Կարապետյանի 27.06.2018թ. որոշումն ու պարտավորեցնել Պետեկամուտների կոմիտեին՝ պատասխանատվության ենթարկել «Գուդվին-Բետ» ընկերությանը՝ արգելելու «Էլ լոտո» խաղային ապարատների շահագործումն օրենքով չսահմանված վայրերում: 2020 թվականի ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում դարձյալ անդրադարձավ խաղային ավտոմատների թեմային՝ վերահրապարակելով հեղափոխության օրերի քայլարշավային տեսանյութը՝ վերնագրված՝ «Խաղային ավտոմատների գործունեությունը կարգելվի»: Նա նաև կից գրառում էր կատարել՝ «Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը։ Այսինքն՝ մայիսի 1-ից գազալցակայաններում այլևս խաղային ավտոմատներ չեն լինի»: [b]ՀՔԱՎ[/b]

Նմանատիպ նյութեր