211652_close_icon
views-count705 դիտում article-date 10:38 21-04-2020

Աշխարհում այս պահիս ոչ մի գիտնական, վարակաբան, բժիշկ նման տեղեկատվության չի տիրապետում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կան գնահատողական դատողություններ, որոնք արտահայտում են մարդկանց կարծիքը: Վերջինիս հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց ինքնին տեսակետը կարող է նաև փաստական հիմք չունենալ կամ ապացույցներ չպահանջել: Օրինակ, ես կարծում եմ, որ, թեև Ռոբերտ Քոչարյանը, ինչպես և ցանկացած այլ քաղաքացի պետք է ստանա օրենքով նախատեսված իր պատիժը (եթե հանցագործություն է կատարել), նա, ինչպես և ցանկացած մարդ, արժանի է մարդկային վերաբերմունքի: Երբ ես այդ կարծիքն եմ արտահայտում, ես նախօրոք գիտեմ, թե ինչպես են դրան արձագանքելու համացանցում: 10 հոգուց մեկը համաձայն կլինի իմ տեսակետի հետ, մեկը կասի, որ ես իշխանության վարձկանն եմ և միանում եմ խեղճ Քոչարյանի դեմ արշավին, մնացած ութը կպնդեն, որ Երկրորդ նախագահն արժանի չէ մարդկային վերաբերմունքի: Որ մարդը բոլոր դեպքերում պետք է մարդ մնա, դրա գիտական ապացույցները ես չունեմ: Եվ այն մեծամասնությունը, որը կարծում է, թե դաժան անձնավորությունների հետ պետք է վարվել դաժանորեն և չսահմանափակվել զուտ օրենքի պահանջներով, այդ մարդիկ նույնպես չեն կարող բերել բավականաչափ համոզիչ փաստարկներ: Երկու դեպքում էլ մենք գործ ունենք հայեցողական ճշմարտությունների հետ: Բերեմ ավելի «արմատական» օրինակ: Կան մարտնչող աթեիստներ, որոնք երբ լսում Աստծո, կրոնի, եկեղեցու անունը, նրանց ուղեղի բջիջները, այսպես ասած, «իրար են գալիս», աչքերի առաջ մթագնում է և նրանք ընկնում են փրփրոտ ագրեսիայի մեջ: Կան, իհարկե, հակառակ կողմի «ագրեսորներ» (թեև նրանք ավելի քիչ են), որոնք ասում են՝ «ով քրիստոնյա չի, նա հայ չի»: Ես համաձայն չեմ երկուսի հետ էլ և կարծում եմ, որ քրիստոնյան պետք հավասարաչափ հարգանք ունենա թե՛ հավատացյալների, թե՛ անհավատների հանդեպ: Դարձյալ ես և վերը նշված երկու ծայրահեղ տեսակետների հեղինակները չունենք գիտականորեն ապացուցված փաստացի հիմք մեր դիրքորոշումների համար: Բայց եթե ես ասեմ, որ երկրագունդը կլոր է կամ՝ որ այն պտտվում է արևի շուրջ, դա կլինի փաստարկված դատողություն, որովհետև դա հնարավոր է ապացուցել: Ամենավատ տարբերակն այն է, երբ խառնում են հայեցողական և փաստարկված դատողությունները, երբ մեկը փորձում են «անցկացնել» մյուսի հետ: «Արևը ոչնչացնում է կորոնավիրուսը», «բարձր ջերմաստիճանի պարագայում համավարակը նահանջում է», «ով մեկ անգամ հիվանդացել է կորոնավիրուսով, նա այլևս չի հիվանդանա», «հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանում հիվանդությունը կնահանջի այսինչ ժամանակահատվածում»՝ նման բաներ պնդելու համար պետք է տիրապետել ամբողջական տեղեկատվության: Բայց խնդիրն այն է, որ աշխարհում այս պահիս ոչ մի գիտնական, ոչ մի վարակաբան, ոչ մի բժիշկ նման տեղեկատվության չի տիրապետում: Առաջատար երկրների մի քանի գիտական ինստիտուտներ առնվազն երկու ամիս տքնաջան աշխատում են այդ հարցերի պատասխանը ստանալու համար և առայժմ չեն ստացել բավարար արդյունքներ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ կես ժամ համացանցում թափառելուց հետո մարդիկ կարողանում են նման դատողություններ անել: Այդ թվում՝ բավականին անվերապահ տոնայնությամբ: Ավելի անվտանգ է կարծիք հայտնել «քաղաքականության» մասին: Այստեղ ամեն ինչ «խոսելու վրա է»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր