1095 դիտում
14:36 14-04-2020
Տրանսիլվանիայում Գեղարվեստական տպագրության բիենալեի միջազգային ժյուրիի կազմում առաջին անգամ ընդգրկված է Հայաստանի ներկայացուցիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020թ.-ի ապրիլի 7-ին Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի (Տրանսիլվանիա, Ռումինիա) միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին հրապարակեց Բիենալեի նախընտրական փուլն անցած մասնակից-արվեստագետների անուններն ու նրանց աշխատանքները, որոնք ընդգրկվեցին Բիենալեի հիմնական ցուցադրության ցանկում։
Մասնակցության հայտ էին ներկայացրել 65 երկրի 868 արվեստագետներ ընդհանուր առմամբ շուրջ 2100 աշխատանքով։ Տասը շաբաթ տևած նախընտրական փուլի ընթացքում միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց 301 աշխատանք, որոնք հետագայում կարժանանան տարբեր մրցանակների ու կզետեղվեն Բիենալեի պատկերագրքում։
Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության բիենալեն (Székelyföldi Grafikai Biennálé/Graphic Art Biennial of Szeklerland) գործում է արդեն տասը տարի և, Բիենալեի նախկին համադրող Ժոլտ Սիկլոդիի շնորհիվ, անցել է ժամանակի քննությունը:
Այս Բիենալեի հիմնական նպատակն է Սեկույի երկրամասը, որպես Ռումինիայի յուրօրինակ մշակութային-գեղարվեստական գունապնակ, ճանաչելի դարձնել ժամանակակից արվեստագետներին, տեղի ստեղծագործողներին ներկայացնել կերպարվեստի լեզվով և, միևնույն ժամանակ, երկրում ներկայացնել գեղարվեստական տպագրության ոլորտի միջազգային ձեռքբերումները։
Այսօր Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության բիենալեն Ռումինիայի գեղարվեստական տպագրության ամենամեծ մշակութային միջոցառումն է, այցեքարտը։
Այս տարի Հայաստանը ևս, առաջին անգամ, ի դեմս «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանի, Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկվելու հրավեր ստացավ Կովասնայի շրջանի մշակութային կենտրոնից և մասնակցեց աշխատանքների նախնական ընտրությանը։
Ռումինիայի Գեղարվեստական տպագրության բիենալեի կազմակերպիչ և խորհրդատու Իստվան Էրիսը, ով 2019 թվականի սեպտեմբերին ներկա էր եղել «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի ցուցադրությանը, այդ մասին պատմել էր Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության բիենալեի համադրող Ապոր Ֆերենզին, որն էլ, համագործակցության հրավիրելով Սոնա Հարությունյանին, իր նամակ-առաջարկում նշել էր. «հաշվի առնելով Ձեր մասնագիտական փորձը՝ սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու Գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի ժյուրիի աշխատանքներին»:
Այս փաստը մեծ ներդրում է ոչ միայն Հայաստանի և հայ ժամանակակից արվեստի՝ Հայաստանից դուրս հանրահռչակման առումով, այլև վկայում է այն մասին, որ Հայաստանը, ի դեմս «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, կազմակերպության լայնածավալ գործունեության ու ջանքերի, և, մասնավորապես, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի նախաձեռնության շնորհիվ, արդեն իսկ իր ծանրակշիռ և ազդեցիկ խոսքը կարող է ասել նաև համաշխարհային արվեստի դաշտում։ Եվ այսօր «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը հպարտ է, որ հենց ինքը կարող է ներկայացնել Հայաստանը միջազգային նման լուրջ ու պրոֆեսիոնալ հարթակներում։
Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության բիենալեն, որն այս տարի նշում է իր հիմնադրման տասնամյակը, արդեն 6-րդ անգամ տեղի կունենա Տրանսիլվանիայի՝ 70 000 բնակչությամբ մի փոքրիկ՝ Սֆինտու - Գեորգե կոչվող քաղաքում: Պրոֆեսիոնալ ժյուրին, արդեն տեղում, ներկայացված բնօրինակ աշխատանքներից կկատարի մրցանակակիր արվեստագետների և աշխատանքների ընտրություն։
Ռումինիայում ժյուրիի աշխատանքներին այդ օրերին Հայաստանից ներկա կլինի նաև «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը։
Հ.Գ. Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի (Székelyföldi Grafikai Biennálé/Graphic Art Biennial of Szeklerland) բացման արարողությունը նախատեսված էր 2020թ.-ի հունիսի 3-ին։ Սակայն, ինչպես մնացած բոլոր՝ թե՛ մշակութային և թե՛ այլ միջոցառումներն աշխարհով մեկ, այս բիենալեն էր հետաձգվեց անորոշ ժամանակով։ Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ ստացանք Բիենալեի համադրող Ապոր Ֆերենզի՝ միջոցառման հետաձգվելու մասին նամակը, որում նա նշում էր. «Նախևառաջ, հարգելի Սոնա Հարությունյան, շնորհակալություն ենք հայտնում Ձեր՝ որպես «G6» ժյուրիի անդամ կատարած անգնահատելի աշխատանքի համար: Ձեր ջանքերի շնորհիվ մեր ժյուրիի գնահատման գործընթացի առաջին փուլը չափազանց արդյունավետ էր»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
6449 դիտում
16:37 22-04-2020
Հայտնի գերմանացին՝ Հերբերթ Մայերը հիացած է. Գեղարվեստական տպագրության Երևանյան բիենալեի արձագանքը. newmedia.am
1846 դիտում
16:27 05-05-2021
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն երաժիշտներ
Այս բաժնից
1102 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1192 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1399 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ