211652_close_icon
views-count582 դիտում article-date 10:41 08-04-2020

Կարծր կառավարումը մոդայիկ կդառնա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չինաստանի հաջողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում իսկապես տպավորիչ են: Այդ 1,5 միլիարդանոց երկիրը կորոնավիրուսի տարածվածության առումով այժմ արդեն հայտնվել է 6-րդ տեղում՝ իրենից առաջ թողնելով Միացյալ նահանգները, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան: Երեկ Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսից վարակվածների ընդամենը 32 դեպք, և այդ նույն օրվա ընթացքում այդ երկրում հիշյալ հիվանդությունից ոչ ոք, բարեբախտաբար, չի մահացել: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Իսպանիայում երեկ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 3942 նոր հիվանդ և միայն այդ օրը մահացել է 571 մարդ: Եթե մեկ ամիս առաջ հարցնեինք մեր քաղաքացիներին՝ «ո՞ր երկրին եք ուզում, որ նմանվի Հայաստանը», մեծամասնությունը կթվարկեր վերոհիշյալ 5 երկրները, գուցե արևմտյան մի շարք այլ պետություններ, բայց՝ ոչ Չինաստանը: Նույնիսկ այն հայաստանցիները, որոնց ազատական ժողովրդավարության խնդիրներն առանձնապես չեն հետաքրքրում, նույնպես, վստահաբար, կասեին, որ Իտալիայում կամ Իսպանիայում կյանքը բարեկեցիկ է և «ուրախ-զվարթ»: Բայց հիմա ոչ միայն մենք, այլև նույն եվրոպացիներն ու ամերիկացիները տեսնում են, որ բարեկեցիկությունը, ինչպես նաև ազատությունը (որն, ընդունենք, ավելի քիչ մարդկանց է հուզում) ամենևին էլ չեն ապահովում մարդկանց անվտանգությունը: «Ավելի լավ է,- մտածում են այսօր մոլորակի միլիոնավոր մարդիկ,- դաժան, անմարդային, հակաժողովրդավարական միջոցներով հասնել պետության համար կարևոր նպատակներին, քան ապահովել ազատությունը և թույլ տալ, որ մարդիկ մահանան»: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում: Եթե նման տրամադրությունները գերիշխեն աշխարհում, ապա, բացառված չէ, որ մոտ ապագայում ընտրությունների միջոցով կամ առանց դրանց շատ երկրներում իշխանության կգան քաղաքական գործիչներ, որոնք կխոստանան մարդկանց «երկաթյա կարգուկանոն հաստատել»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իրականում մենք գիտենք, թե, մասնավորապես, Եվրոպայում այդ «կարգուկանոնն» ինչով է վերջանում: Մարդկության և առանձին ազգերի այս «տատանումները», ցավոք, բնական են: Եթե նայենք պատմության ողջ ընթացքը, ապա կտեսնենք, որ այն նման է ճոճանակի՝ մարդիկ տարվում ինչ-որ մի ծայրահեղությամբ, հետո հիասթափվում են դրանից և «բախտ են փնտրում» հակառակ ծայրահեղության մեջ: Հիմա, կորոնավիրուսի ազդեցության տակ, ենթադրում եմ, «նորաձև» կլինի կարծր կառավարման մոդելը: Իսկ ամենացավալին այն է, որ որքան էլ իմ նման մարդիկ զգուշացնեն դրա մասին, դա, միևնույն է, տեղի է ունենալու: Ինչպես գրում էր ամերիկացի գրող Սոլ Բելոուն, «պատմությունն ու քաղաքական գործիչները երբեք հակված չեն եղել ընդունելու այն գաղափարները, որոնք ծնվում են մտավորական շրջանակներում»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր