3638 դիտում
09:13 03-04-2020
Գազի թանկացումը ավելի կսրի Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանում գազի գնի թեման այն հարցերից է, որի նկատմամբ հանրությունը չափից ավելի զգայուն է։ Խնդիրն այն է, որ գազի սակագինը լուրջ սոցիալական խնդիրների հետ է կապված, և դրա բարձրացումը կարող է պատճառ դառնալ, որ հանրապետությունում շղթայական թանկացումների ալիք սկսվի, իսկ թանկացումների արդյունքում ավելի է բարդանալու քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը։
Այդ է պատճառը, որ գազի գնի բարձրացման թեման դեռևս անցյալ տարվանից բուռն քննարկումների առարկա է։ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ գազի գինը, սակայն այն չանդրադարձավ սպառողների վրա, և, ըստ էության, սակագինը մնաց նույնը, քանի որ բնակչության համար թանկացումը չեզոքացվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներքին ռեսուրսների հաշվին:
Դրանից հետո իշխանությունները հանրությանը հավաստիացնում էին, թե գազի գինը մինչև 2020 թվականի գարուն չի թանկանա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ռուսական կողմի հետ այս հարցի շուրջ քննարկումների արդյունքում պայմանավորվել են, որ այնպիսի սակագին պետք է սահմանվի, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը:
Եվ ահա, պարզվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և մտադրություն հայտնել 2020թ. հուլիսի 1-ից փոփոխել գազի գինը: Ընդհանուր առմամբ, թվում է՝ 3,5 դրամով սպառողների համար գազը էժանանում է:
Սակայն ուշադրության է արժանի ՀԾԿՀ-ին ներկայացված հայտի այն հատվածը, որի համաձայն, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 100 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909,6 դրամ: Այսինքն, սոցիալապես անապահով խավի համար նախատեսված զեղչը վերանում է, ու գազը թանկանում է, այն էլ՝ 36 տոկոսով:
Սա նշանակում է, որ գազի թանկացումը նախ և առաջ հարվածելու է սոցիալապես անապահով խավին, որը հիմնականում 600 խորանարդ մետրից քիչ գազ է սպառում։ Առանց այն էլ ներկայումս երկրում սոցիալ-տնտեսական դրությունը բարվոք չէ՝ կապված արտակարգ դրության, համավարակի տարածման և տնտեսության որոշ ճյուղերում գործունեության դադարեցման հետ, ու տեղի ունեցող գործընթացներն իրենց բացասական ազդեցությունը զգալ կտան նաև ամռան ամիսներին։
Եթե սոցիալ-տնտեսական դժվարությունների խնդրին էլ գումարում ենք ամռանը գազի թանկացումը, ապա կարելի է կանխատեսել, որ բնակչության ապրելակերպի կտրուկ վատացում է տեղի ունենալու, սոցիալական լարվածության աճ է նկատվելու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ [/b]
Նմանատիպ նյութեր
2098 դիտում
09:37 28-11-2019
Գազի հավանական թանկացումը 2020 թ. բյուջեում անտեսվել է․ «Փաստ»
1646 դիտում
10:48 05-06-2014
Նախարարությունը հերքումով հաստատում է գազի թանկացումը. Ժողովուրդ
2740 դիտում
15:35 23-07-2021
Ինչով է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. պարզաբանում է ՄՊՀ- ն
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»