Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջեւանի մարտական դիրքերի ուղղությամբ. News.am
Իջեւանի հատվածում 12-12։30–ին Իջեւանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետեւանքով որեւէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։ Այս մասին [url=https://news.am/arm/news/565777.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած այն լուրին, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, ՊՆ խոսնակն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում։
Նա հավելեց, որ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ուղղությամբ։ Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էր սահմանամերձ գյուղը։