2249 դիտում
22:08 12-03-2020
ՀՔԱՎ. Ապօրինի քրեական հետապնդումը պետությանն արժեցավ 500 հազար դրամ
Բարոյական վնասի հատուցման պահանջով ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանի հայցը մասնակի բավարարվել է
Արմավիրի մարզի բնակիչ Տիգրան Բալայանի իրավունքները ոտնահարվել էին 2018 թ.-ի իշխանափոխությանը նախորդող ժամանակաշրջանում՝ զանգվածային միջոցառումների ժամանակ:
Քաղաքացու իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել էր 2018 թվականից:
ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2019թ. հունվարի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության: Ա. Զալյանը պահանջում էր ճանաչել Տիգրան Բալայանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը և փոխհատուցել նրան ապօրինի քրեական հետապնդման արդյունքում պատճառված բարոյական վնասը:
Հիշեցնենք՝ Տիգրան Բալայանը 2018 թ. ապրիլի 22-ին բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին՝ 2018 թ. ապրիլի 16-ին Երևանի Բաղրամյան պողոտայում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով և նույն օրն էլ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել՝ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով (… Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը):
2018 թ. ապրիլի 23-ին Տիգրան Բալայանն ազատվել էր ձերբակալումից՝ արգելանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայության հիմքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ 2018 թ. ապրիլի 30-ի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը, որը դատարանում ներկայացնում էր Տ. Բալայանի շահերը, պնդում է, որ փաստացի Տիգրան Բալայանը 1 օր գտնվել է անազատության մեջ, իսկ 2018 թ. ապրիլի 22-30-ը՝ 8 օր, նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում: Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներն ու միջազգային օրենսդրությունը՝ նման իրավիճակներում փոխհատուցում տրամադրելու մասին, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, որով երաշխավորվում է յուրաքանչյուրի անձնական ազատության իրավունքը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանն իր հայցում ՀՀ ֆինանսների նախարարությունից պահանջել էր փոխհատուցում՝ 1, 653, 450 ՀՀ դրամի չափով՝ որպես բարոյական վնաս, որը քաղաքացին կրել է ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու հետևանքով: Փոխհատուցման վերոնշյալ չափի պահանջը Ա. Զալյանը հիմնավորել է Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով:
Դատարանն ընդունել է, որ գործով առկա է ոչ նյութական վնասի հատուցման հիմքը` ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման արդյունքում կրած հոգեկան տառապանքը` հիմք ընդունելով այն, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է քաղաքացու՝ 1 օր անազատության մեջ գտնվելը: Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ դատավարության ընթացքում ներկայացված ապացույցները բավարար են` հաստատված համարելու ոչ նյութական վնասի հատուցման հիմքի առկայությունը, հետևաբար նաև՝ Տիգրան Բալայանի՝ 1 օր անազատության մեջ գտնվելու և մինչ նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու պահը պատճառված բարոյական վնասների հատուցումը:
Իսկ ահա բարոյական վնասի փոխհատուցման չափի՝ 1.653.450 ՀՀ դրամի հետ կապված, դատարանը որոշ վերապահումներ է ունեցել՝ գտնելով, որ պահանջը ենթակա է մասնակի բավարման:
Իր դիրքորոշումը դատարանը հիմնավորել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերով՝ մասնավորապես առանձնացնելով 5-րդ հոդվածը՝ դատարանը որոշում է ոչ նյութական վնասի հատուցման չափ՝ հաշվի առնելով ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքները:
Նկատի առնելով, որ Տիգրան Բալայանն անազատության մեջ գտնվել է 1 օր, ղեկավարվելով ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքներով, հաշվի առնելով նրա հոգեկան տառապանքի բնույթն ու տևողությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նիստը նախագահող դատավոր Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ, 2020 թ. փետրվարի 4-ին կայացրել է վճիռ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի հայցը բավարարել մասնակի՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման չափ սահմանելով 500.000 դրամը:
Նմանատիպ նյութեր
5626 դիտում
11:48 21-01-2015
Դրամապահոցից 34 միլիոն 500 հազար դրամ, 30 հազար դոլար և 4.500 եվրո հափշտակողը բանկի աշխատակիցն էր. տեսանյութ
16511 դիտում
16:59 04-07-2015
21-ամյա Վիգենի համար անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալը 200 հազար դրամ արժեցավ
2555 դիտում
23:22 04-09-2015
45-ամյա Ռոբերտի վրա կնոջը ծեծելը 60 հազար դրամ արժեցավ
Այս բաժնից
2140 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
625 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
583 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի