211652_close_icon
views-count1086 դիտում article-date 12:01 12-03-2020

Էրիկ Գրիգորյանը մասնակցել է շրջակա միջավայրի ոլորտում բարեփոխումներին վերաբերող քննարկման

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է շրջակա միջավայրի ոլորտում իրականացված բարեփոխումներին վերաբերող կլոր-սեղան քննարկմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառման նպատակն էր շահագրգիռ գործընկերներին ներկայացնել շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնված և ներկայումս ընթացող բարեփոխումների շարքը՝ օրենսդրական կարգավորումների, կայուն անտառկառավարման և կենսաբազմազանության ու բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ոլորտում։ Բարեփոխումների հիմքն ու նախապայմանը 2019 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև ստորագրված «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն» վարկային համաձայնագիրն էր։ Քննարկմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարներ, շահագրգիռ գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային զարգացման գործակալությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում ոլորտի մասնագետները ներկայացրել են շրջակա միջավայրին առնչվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, կենսաբազմազանության պահպանության, հատուկ պահպանվող տարածքների կառավարման, անտառների կայուն զարգացման, մասնավորապես՝ ապօրինի անտառահատման կանխարգելման և անտառօգտագործման, անտառապատման ու անտառվերականգնման արդյունավետության բարձրացման միջոցառումները:

Նմանատիպ նյութեր