211652_close_icon
views-count1074 դիտում article-date 15:41 11-03-2020

Գավառում եւ Մարտունիում բացվել են ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում եւ Մարտունի քաղաքում պետական աջակցությամբ բացվել եւ գործում են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ հավաստեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ, նորաստեղծ կենտրոնների գործունեության համակարգող Անահիտ Գեւորգյանը: «Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության մարզային նորաբաց կենտրոնների նպատակն է աջակցություն ցուցաբերել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին, նրանց անվճար հիմունքներով տրամադրել ապաստարաններ, իրավաբանական, հոգեբանական, փաստաբանական ուղղորդումներ: Աշխատանքները կենտրոններում իրականացվում են հոգեբանի, իրավաբանի և սոցիալական աշխատողի միջոցով: Կենտրոններ կարող են դիմել բռնության ենթարկված անձինք, երեխաներ, որտեղ նրանք կստանան անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն եւ ապաստան՝ խնդիրների լուծման ընթացքում: Բոլոր տեսակի ծառայությունները մատուցվում են անվճար: Ծրագրի տեւողությունը մեկ տարի է: Այս ծրագիրը կարեւորվում է նրանով, որ ավելի ընդգրկուն կանխարգելիչ գործունեություն է ծավալում եւ լրացնում այն բացը, որն առկա է ոստիկանության անչափահասների տեսչության գործունեության մեջ: Մենք ակնկալում ենք մարզպետարանի եւ պետական այլ կառույցների աջակցությունը բռնության ենթարկված անձանց մեր կենտրոններ ուղղորդելու հարցում: Ակնկալում ենք մարզպետարանի աջակցությունը նաև մարզային ենթակայության կրթական հաստատություններում բռնության ենթարկված ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու համար»,- նշեց Անահիտ Գևորգյանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց նման կենտրոնների դերը մարզի տարբեր տարածաշրջաններում, հույս հայտնելով, որ դրանք իրենց գործունեությամբ կմեղմեն ընտանեկան բռնության դեպքերը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին` իրազեկման եւ հետագա համագործակցության նպատակով առաջիկայում կազմակերպել եւս մեկ հանդիպում, որին կմասնակցեն ընտանեկան բռնության կանխարգելման գործում շահագրգռվածություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր