Կորոնավիրուսի համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
Նյու Յորքում նախատեսված «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության ներքո» խորագրով համաժողովը չեղարկվել է Արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից կորոնավիրուսի տարածման պատճառով:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, խորհուրդը չեղարկել է նաև այլ համաժողովներ, որոնք նախատեսված են եղել մարտի 11-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում կայանալիք կլոր սեղանները, ազգային միջոցառումները՝ ԱՄՆ-ի տարածքում:
Արտաքին հարաբերությունների խորհուրդը միացել է ԱՄՆ-ում միջոցառումների հետաձգման ու չեղարկման մեծ ցանկին, որում ներառված է նաև Նյու Յորքի ավտոշոուն:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 110 հազարից, մահացել է ավելի քան 4 հազար մարդ:
Ներկա պահին ամենածանր իրավիճակը Իտալիայում է: Նախօրեին այդ երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է դեկրետ, որով սահմանափակվում է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով: