211652_close_icon
views-count1488 դիտում article-date 12:46 06-03-2020

ԱԺ-ն ընդունեց պատգամավորների՝ կալանավորվածներին տեսակցելու իրավունքին առնչվող օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորներին հնարավորություն տալ անարգել տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց նկատմամբ սահմանված է տեսակցության արգելք: «[url=https://armenpress.am/arm/news/1007538.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա, մասնավորապես, նշել էր, որ ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրեր այցելության իրավունք ունեն մի շարք սուբյեկտներ՝ այդ թվում նաև ԱԺ պատգամավորը և նախագահը: Սակայն իրավակիրառ պրակտիկայում խնդիրների առաջ ենք կանգնում: Այդ հիմնարկներ այցելության ժամանակ հիմնարկների ղեկավարությունը թույլ է տալիս մտնել հիմնարկ, բայց չի թույլատրում շփվել պահվող անձանց հետ՝ պատճառաբանելով, որ հոդվածում գրված է միայն մուտքի ու ելքի հնարավորության մասին: Առաջարկվում է, որ օրենքում ֆիքսվի, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի սահամանփակել 48-րդ հոդվածում նշված անձանց` պատգամավորների, նախագահի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, վարչապետի և այլնի տեսակցության իրավունքը: Բացառություն է սահմանվում, որով այդ անձինք չպետք է տվյալ գործով շահագրգռվածություն ունենան, օրինակ` վկա լինեն: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը պարզաբանել էր, որ նախագիծը վերաբերում է ձերբակալված կամ կալանավորված այն անձանց միայն, որոնց տեսակցությունների վրա վարույթ իրականացնող մարմնի կողմից դրված է արգելք: Գործող կարգավորումների համաձայն՝ անձը, որի տեսակցությունները սահմանափակված են, անարգել տեսակցելու իրավունք ունի միայն ՄԻՊ-ի, նրա գրասենյակի ներկայացուցչի և սեփական պաշտպանի հետ: Պատգամավորները, ՍԴ-ի նախագահը, Վճռաբեկ դատարանի նախագահը, ԶԼՄ ներկայացուցչները և այլ սուբյեկտներ այսօր ունեն քրեակատարողական հիմնարկներ անարգել մուտքի և ելքի իրավունք, որը չի ենթադրում տեսակցության իրավունք: Նախագծի քվեարկությունից առաջ պատգամավորները վարման կարգով ձայն խնդրեցին, և երկար քննարկումներ, հակադրվող ելույթներ ունեցան նախագծի շուրջ: «Իմ քայլ»-ից Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց մերժել նախագիծը, որովհետև նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ արգելք չկա, որ պատգամավորը հանդիպի կալանավորված և ձերբակալված անձանց հետ: «Խնդիր է առաջանում միայն այն դեպքում, երբ քննիչի որոշմամբ տեսակցելու սահմանափակում է դրված լինում, բայց այս նախագիծը այս հարցը չի կարգավորում»,-նշեց նա: Սակայն նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ կողմ է քվեարկելու նախագծին: ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ օրենքն ունի պատմություն: «Պատգամավորներն անարգել տեսակցել են մինչև այն պահը, երբ ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը մեծացավ: Եվ արդարադատության մի նախարար սկսեց մեկնաբանել, որ իրավունք չունենք, քանի որ քննիչի արգելք կա: Եվ այդ ժամանակ հստակեցման խնդիր առաջացավ, և նախաձեռնություն հանդես բերվեց, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր «Ելք» դաշինքի ժամանակ: Պատգամավորներն ունեն անարգել մուտքի իրավունք, ունեն անարգել հանդիպելու իրավունք: Սակայն օրենքը Արդարադատության նախարարության կողմից մեկնաբանվում է այնպես, որ քննիչի արգելքի դեպքում չեն կարող թույլ տալ: Բայց քննիչի արգելքը վերաբերում է այն մարդկանց, որոնք կարող են ինֆորմացիա փոխանակել և դա դուրս հանել»: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ իրեն բազմիցս արգելել են մտնել քրեակատարողական հիմնարկներ: Այնուամենայնիվ, նախագիծը ստացավ 70 կողմ, 21 դեմ և 22 ձեռնպահ ձայներ:

Նմանատիպ նյութեր