1840 դիտում
16:58 05-03-2020
Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ թավշյա նեոբոլշևիզմի ուրվականը. Անդրանիկ Թևանյան
Փաստորեն, հետսովետական տարածքում ինչ հեղափոխություն էլ անում են, վերջում բոլշեւիկյան է ստացվում։ Մերը բացառություն չի կազմում։ Պարզապես «թղթաբանությունն» է այլ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ թավշյա նեոբոլշեւիզմի ուրվականը
Իրերը պետք է իրենց անվանումներով կոչել։ «Վերադարձնենք թալանածը ժողովրդին» կարգախոսի ներքո Հայաստանում փորձ է արվում իշխող ուժի համար ապահովել կապիտալի նախնական կուտակում՝ սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման միջոցով։
«Հպարտ» քաղաքացիներն այս խաղում ընդամենն օգտագործվող եւ մանիպուլացվող նյութ են։ Նրանց խաբում են ճիշտ այնպես, ինչպես խաբել են բոլոր ժամանակների հեղափոխականները հարյուրամյակներով։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» գայթակղիչ վերնագիրն ունեցող ՀՀ օրենքի նախագիծը խորհրդարան է բերվել կապիտալը մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելու եւ իշխանությունը յուրացնելու նպատակով։ Մնացածը հեղափոխական դեմագոգիա է։ Ամբոխահաճո պաթոս։
Փաստորեն, հետսովետական տարածքում ինչ հեղափոխություն էլ անում են, վերջում բոլշեւիկյան է ստացվում։ Մերը բացառություն չի կազմում։ Պարզապես «թղթաբանությունն» է այլ։
Թալանածը ժողովրդին վերադարձնելու, ավելի կոնկրետ՝ «հողը՝ գյուղացուն եւ գործարանը՝ բանվորներին» տալու լոզունգներով սրանից 100 տարի առաջ հանդես եկան բոլշեւիկները (որոնք, ի դեպ, նաեւ խաղաղություն էին քարոզում եւ իշխանության գալուն պես դավաճանեցին ռուսական շահերին), սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։
Սկզբում հետապնդում էին ցարականներին։ Դա դուր էր գալիս «հպարտ» մուժիկին։ Հետո ընկան էսեռների, կադետների, բուրժուաների, սպիտակների, մենշեւիկների ու մյուսների հետեւից։ «Հպարտ» մուժիկը կրկին ծափահարում էր ու սպասում, որ իրեն փայ է հասնելու։
Այնուհետեւ հերթը հասավ հեղափոխականների մեջ հակահեղափոխականներ փնտրելուն եւ գնդակահարելուն։ Մուժիկը դուխով ծափ էր տալիս, բայց կյանքը դրանից չէր լավանում։
Երբ վերջում եկան ու «հպարտ» մուժիկից տարան իր միակ կովը՝ զուգահեռաբար կուլակ հռչակելով նրան, արդեն ծափ տվող չկար. մյուս մուժիկներինն էլ էին տարել։
Կուլակաթափությունը սովի մատնեց բոլշեւիկների կառավարած երկիրը։
«Հպարտ» մուժիկի համար կուլակաթափության ողբերգական ու դաժան հետեւանքները փայլուն նկարագրված են Միխայիլ Շոլոխովի «Поднятая целина» վեպում։
Հիմա մեր օրերի սեմյոնդավիդովները եւ նագուլնովները փորձում են հոգեդարձ անել բոլշեւիզմը, ավելի ստույգ՝ դրա գավառական ու գռեհիկ տարբերակը։ Արդյունքները նույնն են լինելու։ Միգուցե՝ ավելի վատը։
Եթե մեր թշնամիները փորձեին ներսից պայթեցնել Հայաստանի տնտեսությունը եւ որպես հետեւանք՝ թուլացնեին բանակն ու փլեին մեր անվտանգության համակարգը, ապա սեփականության իրավունքի փաստացի ոչնչացման ու նեոբոլշեւիզմի ոգով այդ օրենսդրական նախագիծը պետք է բերեին ԱԺ։
Եթե այդ նախագծին գումարում ենք նաեւ բանկային գաղտնիքի դե ֆակտո վերացման նախաձեռնությունը, ապա պարզ է դառնում, որ Հայաստանը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած եւ կանգնելու։
Սեփականությունը վերաբաշխելու եւ բիզնեսը կենտրոնացնելու իշխանության այս քայլը բառիս բուն իմաստով ոչնչացնելու է ներդրումային միջավայրը, ապահովելու է կապիտալի փախուստ եւ տնտեսաքաղաքական կոլապս։ Հանրությունը պառակտվելու եւ թշնամանալու է սերունդներով։ 25 միլիոն դրամից ավելի գույք ունեցողները իշխանությունների հրահրմամբ թիրախավորվելու են եւ հայտնվեն մեղավորության կանխավարկածի սրի տակ։
Բոլշեւիկներն ասում էին, որ պետք է իմպերիալիստական պատերազմը վերածել քաղաքացիականի։ Արդյունքում՝ երկիրը վերածվեց արյան բաղնիքի։ Սրանք մի փոքր այլ բառերով նույնն են քարոզում։ Պատահական չէ, որ այս իշխանությունը կեղծ խաղաղություն է քարոզում («մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի») եւ ուզում է բավարարել նաեւ Ադրբեջանի ժողովրդին, բայց երկրի ներսում ամենուրեք թշնամիներ, դավադիրներ ու հակառակորդներ է փնտրում։
Դրսում խաղաղության աղավնի դարձած, իսկ ներսում ագռավի պես չար լուր բերող «թավշյա» ժանտախտի «վկաները» սիրո խոստումների տակ ատելություն են տարածում։ Ստեղծվում է «սիրո» բռնապետություն։
Ամբոխավարական ու պոպուլիստական սկզբունքներով առաջնորդվող տիրանիա կառուցելուն է միտված նաեւ դատական համակարգի ամբողջական սեփականաշնորհման քաղաքականությունը։
Ես համոզված եմ, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ կառուցելու ռեսուրս չկա, եւ այս ամենը հանգեցնելու է տնաբույծ նեոբոլշեւիկների պարտությանը։ Սակայն բռնապետություն կառուցելու փորձն անգամ լրջորեն կարող է վնասել մեր երկրին եւ արդեն իսկ վնասում է։
Սրանք գնում են հզոր ցնցումների ճանապարհով։ Ճանապարհ, որի հարցում կան նաեւ արտաքին շահագրգիռ ուժեր։
Իրենց պետք են հզոր ցնցումներ, իսկ մեզ՝ հզոր Հայաստան։ Երկրորդը հաստատ լինելո՛ւ է։ Հարցը գնին է վերաբերում, որը մենք վճարում ենք այս ընթացքում»։
Նմանատիպ նյութեր
2375 դիտում
20:23 07-02-2021
Միքայել Մինասյան. Հայաստանում մի ուրվական է շրջում՝ անտարբերության ուրվականը
1523 դիտում
11:57 18-11-2014
Իսպանիայի դղյակներից մեկում ուրվական է շրջում
8095 դիտում
19:05 25-02-2014
Այսօր Ազգային ժողովում թևածում էր «Յան տվեք»-ի ուրվականը. Գագիկ Շամշյանի Ֆոտոռեպորտաժը
Այս բաժնից
796 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1087 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
730 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան