211652_close_icon

Կասկածելի երկրներից եկած բոլոր մարդիկ պիտի մեկուսացվեն, անգամ արտաքուստ առողջ մարդիկ, կորոնավիրուսի կանխարգելման միակ ձևը սա է. Միհրան Նազարեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmNews

views-count2411 դիտում article-date 21:46 02-03-2020
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով առաջնայինը կազմակերպչական ճիշտ աշխատանքն է. առաջին քայլը երկրի բոլոր մուտքերը հսկելն է, երկիր ժամանողները պետք է բաժանվեն երկու մասի՝ գրիպի նախանշաններ ունեցողներ և չունեցողներ, և կասկածելիներն անմիջապես պիտի մեկուսացվեն: [url=https://www.youtube.com/watch?v=NnKJMMqiodQ&feature=emb_logo]«Արմնյուզ» [/url]ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ առողջապահության առաջին նախարար, բժշկագիտության դոկտոր Միհրան Նազարեթյանը: «Իրանից, Իտալիայից, Չինաստանից, այլ կասկածելի երկրներից եկած բոլոր մարդիկ պիտի մեկուսացվեն, անգամ արտաքուստ առողջ մարդիկ: Կարանտինն իրականում ոչ թե 14, այլ 40 օր է: 14 օրը նախկին կորոնավիրուսների կարանտինի ժամկետն է: Եթե եկել են ոչ կասկածելի երկրներից, օրինակ՝ Ռուսաստանից, մեկուսացումն անիմաստ է, պետք է ընդամենը իրազեկման աշխատանքներ տանել»,- ասել է նախկին նախարարը: Ըստ Նազարեթյանի՝ բժշկական դիմակների, ռեսպիրատորների նշանակությունը չափազանցված է, դրանց կարիքը հաճախ չկա. «Մեր հիվանդանոցներից մեկում, պարզվեց, բոլոր բժիշկները դիմակներով են: Այդ քայլն արդեն խուճապ է առաջացնում, բժշկական տեսանկյունից դա անիմաստ և ծիծաղելի գործողություն է: Պետք է դիմակավորել բացառապես նախանշան ունեցողներին՝ մյուսներին չվարակելու մղումով»: Նախկին նախարարի կարծիքով՝ հնարավոր են վարակակիրների հայտնաբերման նոր դեպքեր, և կասկածելի անձանց մեկուսացումից բացի՝ պետք է նրանց ճշգրտորեն ախտորոշել, անցկացնել ընդհանուր իմունաբանական և մոլեկուլային թեստեր. «Այս հետազոտությունները պետք է արվեն երկուական անգամ, ու նույնիսկ բացասական պատասխանի դեպքում նրանք պիտի մնան որոշակի հսկողության տակ: Կորոնավիրուսը կվերանա միայն եղանակի տաքացման հետ: Պետք է իմանալ նաև, որ վարակի փոխանցումը որևէ կերպ հնարավոր չէ արյան փոխներարկմամբ կամ սեռական ճանապարհով»: Միհրան Նազարեթյանի պնդմամբ՝ վարակի բռնկումների դեմ պայքարի կարևորագույն ուղղությունը մարդկանց տեղեկացվածության բարձրացումն է. «Օրինակ, հիմա ճիշտ ժամանակն է կազմակերպելու սուր ինֆեկցիոն հիվանդությունների վարժանքներ: Երկրաշարժի դեպքում գիտենք ինչպես վարվել, բայց վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցում գրագետ չենք: Կարևոր է նաև բժշկական անձնակազմի ընդհանուր տեղեկացվածությունը բարձրացնելը, եթե անգամ նրանք իրենց նեղ մասնագիտության մեջ արհեստավարժ են»: Նախկին նախարարի կարծիքով՝ ոչ մի դեպքում խուճապի մատնվելու կարիք չկա, այս պահին կարևորագույն քայլը հիվանդացության տարածման կանխարգելումն է: «Կորոնավիրուսը բուժում չունի, այն կապված է երկրորդային երևույթների հետ: Միակ լուծումը կարանտինն է, հիվանդների մեկուսացումը: Ուրախ եմ, որ չեղարկվեցին «Մարտի 1»-ի երթը, դասերն ուսումնական հաստատություններում»,- ամփոփել է առողջապահության նախկին նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր