211652_close_icon
views-count1527 դիտում article-date 13:32 28-02-2020

Պաշտոնանկությունը հետևություններից մեկն է. փոխնախարարը՝ բանակում արձանագրված դժբախտ դեպքերի մասին

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վստահեցնում է, որ այս տարի Զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ կատարված աշխատանքներում պաշտոնանկությունները ընդամենը հետևություններից մեկն են, շատ ավելի լուրջ աշխատանքներ են տարվում: «[url=https://armenpress.am/arm/news/1006677.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Բալայանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Պաշտոնանկությունները հետևություններից ընդամենը մեկն էր: Շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում, շատ է այդ աշխատանքների մասին հայտարարվել: Արձանագրում ենք որպես թերություն, որի համար շատ աշխատելու տեղ ունենք: Դրանք որևիցե ձևով ներելի չեն: Բայց պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, և որևէ արտահայտություն կամ նախադեպ ոչ ճիշտ մեկնաբանելը հնարավոր է, որ ճակատագրեր խեղի»,-ասաց Բալայանը: Նա նշեց՝ սխալ է ասել, թե բանակում 13 զոհ է եղել: «Ի պաշտոնե ինձ հասած տվյալների համաձայն մի քանիսը մահեր են, ոչ թե զոհեր, պետք է հստակ տարանջատել: Գոյություն ունեն համապատասխան իրավակարգավորումներ ամեն մի մահվան դեպքով: Մահվան դեպքերի հետ կապված հետևությունները բազմաթիվ են, ինչպես արդեն նշեցի դրանցից մեկը պաշտոնանկություններն են: Այն պաշտոնյաները, որոնք իրավասու էին գնահատական տալու որոշ պաշտոնատար անձանց գործունեությանը, ենթադրում եմ, որ անվարար են գնահատել այդ աշխատանքը, դրա համար ազատումներ են եղել»,-ասաց Բալայանը: Նա շեշտեց՝ կանոնակարգային հարաբերություններին պետք է ավելի խիստ հետևել, պետք է հետևել այն իրավակարգավորումներին, որոնք գործում են: Բալայանը նկատեց՝ սխալ կլինի ասել, թե այդ իրավակարգավորումները չկան, խնդիրը իրավակիրառությունն ապահովելու մեջ է: 2020թ. ընթացքում բանակում խաղաղ պայմաններում 13 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: Վարչապետը հայտնել էր, որ 2020-ին զոհերից հինգը մահացել են հիվանդության պատճառով՝ մի մասը ծառայության, մյուս մասը ոչ ծառայության մեջ: 4-ը դժբախտ պատահարի հետևանքով, և չորս ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: Արձանագրված դեպքերից հետո ՀՀ վարչապետի առաջարկով և նախագահի՝ փետրվարի 18-ի հրամանագրերով պաշտոնանկ են արվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` պաշտոնից ազատվել է նաև Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Ջալալ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր