219759 դիտում
01:09 29-01-2020
Կրակոցներ Երեւանում. Դեպքի վայրը հիշեցնում է մարտադաշտ. հայտնաբերվել են ատրճանակից ու ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, գնդակ, չկրակված փամփուշտներ եւ ատրճանակ. ժամանել է Երեւանի ոստիկանապետը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանթյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Արմեն Գասպարյանի ու վարչության պետի օպեր գծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի եւ նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի եւ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Գարեգին Սարգսյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները եւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից եւ ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, եւ չկրակված փամփուշտներ: Հայտնաբերվել է նաեւ ատրճանակ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների արդյունքում վնասվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա:
Այս պահին ոստիկանությունը պարզում է, արդյոք կրակոցների հետեւանքով տուժածներ կան, թե ոչ:
Մի քանի օպերատիվ խմբեր էլ մեկնել են հիվանդանոցներ, պարզելու համար վիրավորներ հիվանդանոցներ տեղափոխվել են թե ոչ:
Փաստի առթիվ Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+