1956 դիտում
11:36 22-01-2020
Միակ «կարմիր գիծն» այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս ամերիկյան մի սերիալ էի նայում, որի դրվագներից մեկը հետևյալն էր: ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ հանրապետականների և դեմոկրատների դիտորդները բավականին բարձր նոտաներով վիճում են քաղաքական թեմաներով: Դա տեղի է ունենում ընտրական տեղամասի մոտակայքում՝ ըստ ամերիկյան օրենքների, ընտրությունների ժամանակ քաղաքական խնդիրներից կարելի է խոսել միայն տեղամասից 50 մետր հեռավորության վրա: Հանկարծ նույն տեղում հայտնվում են նեոնացիստները (ռասիստները) ու համապատասխան կարգախոսներով ցույց են անում: Եվ քաղաքական հակառակորդներն իսկույն մոռանում են իրենց հակասությունների մասին ու միավորվում են ցուցարարների դեմ:
Կասեք, ամերիկյան արժեքների ուղղամիտ քարոզչություն է: Գուցե և այդպես է: Բայց դա քարոզչություն է, որը «կարմիր գծեր» է մատնանշում՝ այն սահմանները, որոնցից անցնողները դառնում են մարգինալ (լուսանցքային): «Կարմիր գծերն», ի դեպ, հենց այնպես չեն առաջանում, դրանք նվաճվում է, դրանց համար պայքար է մղվում, ինչը կոնկրետ այս դեպքում 1950-60-ական թվականներին անում էին Մարթին Լյութեր Քինգը և նրա հազարավոր համախոհները:
Մեր պետությունը չունի 250 տարվա անընդմեջ գոյության պատմություն և, հետևաբար, հասարակությունը չունի նաև կարմիր գծերի ավանդույթ: Միակ «կարմիր գիծը», որը ձևավորվել է վերջին 30 տարվա շուրջ, այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում (այդ «գծի» ձևավորմանը մեծապես նպաստել է հարևան երկրի քաղաքականությունը): Այս իրավիճակն օրինաչափ է, որովհետև Երրորդ հանրապետությունը գաղափարապես ձևավորվել է ղարաբաղյան հիմնահարցին նվիրված ցույցերի ժամանակ, և այդ հարցն առավել մեծ խորությամբ է «մշակվել» պետության «հիմնադիր հայրերի» («Ղարաբաղ» կոմիտեի) կողմից: Մնացած ուղղությունները «մշակված չեն»: Մասնավորապես, «Ղարաբաղ» կոմիտեին և հետագա բոլոր իշխանություններին առանձնապես չէր հետաքրքրում այն հարցը, թե ինչպիսի բարոյական սկզբունքների վրա պետք է հիմնված լինի մեր պետությունը, ինչը պետք է միանշանակ մերժվի հասարակության կողմից:
Արդյոք «կարմիր գի՞ծ» է բռնությունը ներքաղաքական կյանքում խնդիրներ լուծելիս: Ոչ, ոստիկանության գունդը զենքով գրաված և առնվազն մեկ ոստիկան սպանած խմբի անդամները չափազանց հպարտ են իրենց «հերոսությամբ» և այդ հպարտությունը կիսում է հանրության զգալի մասը:
Արդյոք «կարմիր գի՞ծ» է իրավապահ համակարգը քաղաքական նպատակներով օգտագործելը: Ոչ, դա Հայաստանի ոչ մի իշխանության համար խնդիր չի՝ կա համոզմունք, որ նրանք, ովքեր «սև» են, պետք է հետապնդվեն «ամեն գնով»:
Արդյոք «կարմիր գի՞ծ» է քաղաքական (խորհրդարանական) բանավեճի ժամանակ դիմացինին հարգելը և զուսպ, քաղաքակիրթ բառապաշար օգտագործելը: Ոչ, քաղաքական ուժերը խրախուսում են ճիշտ հակառակ մոտեցումը:
Տարիների ընթացքում ես իմ կյանքում բազմաթիվ «կարմիր գծեր» եմ ավելացնում: Բայց դա ամենևին չի սահմանափակում իմ ազատությունը: Տեղի է ունենում հակառակ գործընթացը, որովհետև այդ գծերը կառուցվում են ներսից, իսկ ազատությունը սահմանափակվում է դրսից: Որքան շատ են ներքին պատնեշներն, այնքան մարդիկ անտարբեր են արտաքին (այդ թվում՝ հասարակական կարծիքի) պարտադրանքի հանդեպ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3339 դիտում
11:13 23-01-2020
Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Աննա Նաղդալյան
3181 դիտում
20:08 27-01-2021
Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մոռացեք այդ մասին. Վահրամ Պողոսյան
3993 դիտում
10:40 28-02-2021
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան