ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
Հունվարի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին (Adolfo Torres Ramirez): Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստան-Մեքսիկա բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Նորա Առուստամյանը:
Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ այդ հարցում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության խթանմանը և առևտրատնտեսական կապերի աշխուժացմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: