211652_close_icon
views-count2874 դիտում article-date 20:52 15-01-2020

Արարատի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները հունվարի 15-ին Արարատի մարզպետարանում կազմակերպել էին հանդիպում համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը (https://mineconomy.am/page/1338) ներկայացնելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ոլորտի այլ պատասխանատուներ: Իռա Փանոսյանը համառոտ ներակայացրել է 2019 թվականին հանրապետությունում մեկնարկած նոր ծրագրերը, մասնավորապես` ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման, Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և ՀՀ-ում 2019-2023 թթ.-ի ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերը, նշել պայմաններն ու պետական օժանդակության ծրագրերից օգտվելու առավելությունները։ Նա նաև անդրադարձել է որոշ ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին: Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է 2019 թվականից Հայաստանում մեկնարկած գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակում «կարկուտ ու հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից ապահովագրվելու է երկու մշակաբույս՝ ծիրանը և խաղողը: Ապահովագրությունն իրականացվելու է «Ռոսգոսստրախ Արմենիա», «Սիլ Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների միջոցով։ Նարեկ Հովակիմյանի փոխանցմամբ՝ հետագայում նախատեսվում է ապահովագրել նաև դեղձը, խնձորը և հացահատիկային մշակաբույսերը։ Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ֆերմերների ու համայնքների ղեկավարների հարցերին, տվել պարզաբանումներ «խելացի» անասնաշենքերի կառուցման, ջերմոցների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման և մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ: Առաջիկայում նմանատիպ միջոցառումներ նախատեսվում է կազմակերպել հանրապետության բոլոր մարզերում: Այս հանդիպումները միտված են բարձրացնել համայնքների ղեկավարների իրազեկվածության մակարդակը գյուղոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք կարողանան համապատասխան տեղեկատվություն տրամադրել շահագրգիռ ֆերմերներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր