4662 դիտում
16:53 07-01-2020
Տիգրան Աբրահամյան. Այսօր էլ տեսանելի է, թե ադրբեջանցիները ինչպես են փոքր չափաբաժիններով փորձարկում իրենց մեդիահնարավորությունները
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին օրերին տեղեկատվական անվտանգությունից շատ խոսվեց: Մեկ ֆեյք օգտատիրոջ թեման քննարկվեց ամենատարբեր հարթությունում` աշխարհաքաղաքականից՝ մինչև ներքաղաքական:
Իրականում, թեման բավականին բազմաշերտ է:
Թեմայի ողջ լրջությունը` ավելի վտանգավոր դրսևորումներով, տեսանելի էր հատկապես 2016-ին՝ ապրիլյան մարտական գործողությունների օրերին, երբ հայկական անուն-ազգանուններով բազմաթիվ օգտատերեր սկսեցին դաշտում ադրբեջանական քարոզչական թեզերը զարգացնել:
Ճիշտ է, հետագայում պարզվեց, որ դրանք, իրականում, հայ օգտատերերի ջարդված անձնական հաշիվներ էին, սակայն դա իրավիճակի վտանգավորությունը որևէ ձևով չմեղմեց:
Նմանատիպ դրսևորումներ նկատելի էին նաև ներքաղաքական տարբեր ակտիվ փուլերում՝ «Էլեկտրիկ Երևան», «Պերմյակովի գործ», ՊՊԾ գունդ և այլն: Թե' ներքին, թե' արտաքին զարգացումների դեպքում, անհրաժեշտ պարարտ հողի ձևավորման պայմաններում, ադրբեջանական մեդիախմբերը փորձել են ակտիվ դերակատարություն ստանձնել՝ թեման մեզ համար վտանգավոր տիրույթ տեղափոխելու համար:
Տարբեր փուլերում, ըստ իրավիճակի, տարբեր բաղադրատոմսեր են առաջ քաշվել: Տարբեր իրավիճակներում դրա չափաբաժինը տարբեր է լինում, իրականացվող քայլերի արդյունավետությունը ևս:
Այսօր էլ, որոշակի պարբերականությամբ, ամենատարբեր խմբերում գրառումներ են հայտնվում, որոնց հեղինակները, իրականում, ադրբեջանցիներ են, ովքեր օգտագործում են նախկինում ջարդված հայկական հաշիվներ։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ դրանք ջարդված չեն, հայկական անուն-ազգանուններով են, սակայն կառավարվում են ադրբեջանցիների կողմից:
Ընդ որում՝ որոշ դեպքերում այդ հաշիվների հետևում թաքնվողները մասնակցում են քննարկումների կամ անձնական նամակներ են գրում ռուսերեն, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ հայերեն:
Այսօր էլ տեսանելի է, թե ադրբեջանցիները ինչպես են փոքր չափաբաժիններով փորձարկում իրենց մեդիահնարավորությունները, որոնք հետագայում նախապատրաստվող խոշոր տեղեկատվական դիվերսիայի կամ առաջնագծում լոկալ գործողությունների տեղեկատվական ապահովումն են իրացնելու:
Եվ ամենավտանգավորն այն է, որ հանրության մի մեծ զանգված այդ «հաբն» ընդունում է: Այնպես որ, անելիքներն այստեղ շատ-շատ են, 1-2 դեպքի բացահայտումներով խնդիրը չի լուծվում, համալիր միջոցառումներ են անհրաժեշտ և դրանք չպետք է լինեն միանգամյա:
Անհրաժեշտ փորձագիտական, մասնագիտական ներուժ, բնականաբար, ունենք, պետք է մեր ռեսուրսները ճիշտ տեսակավորենք, համախմբենք, աշխատենք դաշտում, իսկ անհրաժեշտ պահին թիրախային հարվածներ հասցնենք բոլոր այն կետերին, որոնք մեզ համար տեղեկատվական ռիսկեր են պարունակում:
Նմանատիպ նյութեր
2298 դիտում
14:06 13-06-2022
Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիններով թշնամություն է գեներացվում. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
640 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
955 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան