211652_close_icon
views-count18099 դիտում article-date 15:42 27-12-2019

Եթե անձը 1 տարվա ընթացքում 2 անգամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարի, կենթարկվի քրեական պատասխանատվության

Տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրման մասին 7 օրենդրական ակտերի ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր անձ, որն ունի վարորդական վկայական, ստանալու է 9 միավոր։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, ապա առավել մանրամասն ներկայացրեց, թե այդ միավորները ինչ իրավախախտումների համար են հանվելու, գրում է [url=http://www.armtimes.com/hy/article/177254?fbclid=IwAR0jGHbq5R1AGKZ6sonJMBXzC79yHN8vxz1jh9yczI-hSQ8HzkmQEQyyGKk]Armtimes.com[/url]-ը։ Նախ, մեկ տարվա ընթացքում 9 միավորները սպառելու դեպքում անձի վարորդական իրավունքը կասեցվելու է վեց ամիս ժամկետով։ Դրա կեսը լրանալուց հետո անձը իրավունք կստանա հանձնել միայն տեսական քննություն եւ վերականգնել իր վարելու իրավունքը, իսկ եթե չհանձնի, օրենքի ուժով վարելու իրավունքը կվերակագնվի մեկ տարի անց միայն։ Մեկ տարի անց իրավունքը վերադարձնելուց հետո վարորդին կրկին տրվելու է ինը միավոր։ Մեկ տարվա ընթացքում դրանք սպառելու պարագայում նա զրկվելու է իրավունքից մեկ տարի ժամկետով, եւ այս անգամ վեց ամիս անց քննության հնարավորություն այլեւս չի լինելու եւ մեկ տարի անց անձը պետք է հանձնի ամբողջական քննություն՝ վկայական ստանալու համար։ Ինչպես հայտնեց ՃՈ պետի տեղակալը՝ հնարավորություն կա նաեւ հընթացս վերականգնել որոշակի բալեր, եթե սպառված բալերի մնացորդը հասել է երեք եւ պակասի։ Այս դեպքում անձը իր ցանկությամբ կարող է հանձնել տեսական քննություն եւ ավելացնել իր բալերին եւս երկուսը։ Բացի այս՝ ՃՈ ոլորտի մոտ 100 իրավախախտումների տեսակներից տուգանային միավորներ նախատեսվել են 25-ի համար։ Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարմամբ պայմանավորվում են հատկապես ծանր հետեւանքուվ ՃՏՊ-ներ կամ որոնց հետեւանքով լինում են հապաղումներ, խցանումներ, ծանրաբեռնված երթեւեկություն։ Չիլինգարյանն ասաց, որ որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաեւ որպես տուգանք կիրառվող սանկցիաների չափերը։ Մասնավորապես սանկցիաներից 7-ը նվազեցվել են ավելի քան 50 տոկոսով, 9-ը նվազել են 50 տոկոսով եւ եւս 9-ը՝ 50 տոկոսից մի փոքր պակաս չափով։ Որոշ իրավախախտումների համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես ներկայումս գործող վարորդական իրավունքից զրկված վիճակում վարելուն ավելացվել է նաեւ իրավունքը կասեցված վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Եթե անձը սպառել է միավորները, եւ նրա նկատմամբ կայացվել է վարելու իրավունքի կասեցման որոշում ու դրանից հետո նա մեքենա է վարել, ապա կառաջանա քրեական պատասխանատվություն։ Քրեական պատասխանատվություն է ենթադրվում նաեւ վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նմանատիպ արարք կատարելու պարագայում․ «Եթե անձը չունի վարելու իրավունք, բայց վարել է, առաջին անգամ կենթարկվի վարչական պատասխանատվության, եթե մեկ տարվա ընթացքում կրկին կկատարի նման արարք, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի»,- պարզաբանեց ՃՈ պետի տեղակալը։ Տեսանկարահանող սարքերի գործընթացը կանոնակարգող օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է ընթացակարգ՝ հետախուզում հայտարարել այն դեպքերի համար, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի վարելու վկայական եւ կատարվել է երեք կամ ավելի իրավախախտում, որով նախատեսվում է տուգանային միավոր․ «Կա սեփականատեր, ով չունի վարելու իրավունք, այդ տրանսպորատյին միջոցով տեսանկարահանող համակարգով արձանագրվում է 3 կամ ավելի իրավախախտում, որով պիտի կիրառվի բալ, բայց քանի որ անձը չունի վարորդական իրավունք, հետեւաբար բալ չի կարող կիրառվել։ Այս պարագայում վարորդին հայտնաբերելու համար հայտարարվելու է հետախուզում՝ մինչեւ հայտնաբերելը եւ շահագործող անձի տվյալները ստանալը»,- ասաց Չիլինգարյանը՝ հավելելով, որ եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը որեւէ միջոցով մինչեւ հայտնաբերումը կհայտնի վարորդի վերաբերյալ տվյալներ, հետախուզումը կդադարեցվի այդ պահից։

Նմանատիպ նյութեր