70165 դիտում
21:40 15-12-2019
Արտակարգ դեպք Երևանում. ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա. կրակողն արդարացել է, որ այդ արարքն արել է «կայֆի համար»
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով:
Ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ոստիկան Կ.Ն.-ն ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Նազաբերկյան թաղամասում կայանված Hyundai ավտոմեքենայի վրա կրակոցներ են արձակել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 18:00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում դիտավորությամբ կրակել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված Hyundai մակնիշի 449 II 02 ոստիկանական համարանիշներով ավտոմեքենայի վրա՝ վնասելով աջ կողային ապակիները, աջ դիմացի և հետևի անվաթևերը, ինչպես նաև բեռնախցիկի ծածկոցը:
Գ. Շամշյանի տեղեկություներով, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել է նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա Վարդան Ադամյանը:
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ Վ. Ադամյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել, որ արարքը կատարել է ինքը, իր ընկերոջ, հարևան, 29-ամյա Ռոման Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի միջից և նրան պատկանող ատրճանակով, առանց որևէ դրդապատճառի 7 անգամ կրակոց է արձակել ոստիկանական ավտոմեքենայի վրա:
Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են ատրճանակը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: