211652_close_icon
views-count2152 դիտում article-date 16:28 05-12-2019

Փոխգործակցություն՝ լայն հեռանկարներով. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը (նստավայրը՝ Կիև): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: «Մեր նպատակն է ոչ միայն բարելավել հարաբերություններն, այլև ավելի մերձեցնել մեր ժողովուրդներին,- ընդգծել է նախագահը:-Ուրախ կլինեմ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսային հյուրընկալել Հայաստանում՝ բացահայտելու մեր երկիրը, որը հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկ է եղել: Այն այժմ դարպաս է դեպի ԵԱՏՄ»: Դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը նշել է, որ իր առաջին այցն է Հայաստան և շատ տպավորված է մեր երկրով ու մարդկանցով: «Այն շատ տարբեր է և յուրօրինակ: Մեր երկրների միջև համագործակցության շատ հնարավորություններ եմ տեսնում»,-ասել է նա: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ հավատարմագրերի հանձնմամբ նոր հնարավորություններ կբացվեն՝ ավելի սերտացնելու հարաբերությունները երկու երկրների ու ժողովուրդների միջև: Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության հեռանկարային ուղղություններին՝ նշելով, որ երկու երկրներն էլ հայտնի են ադամանդագործության ոլորտում ունեցած բարձր որակներով և կարող են հաջողությամբ համագործակցել: Անդրադարձ է կատարվել նաև նորագույն տեխնոլոգիաների, կրթության և գիտության ոլորտներին, ինչպես նաև այդ ոլորտների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր