211652_close_icon
views-count3280 դիտում article-date 15:50 04-12-2019

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի Արախիշ համայնքի վարչական տարածքում ոչխարաբուծության զարգացման խոշորածավալ ներդրումային ծրագրի հաջող մեկնարկը տրված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Նպատակ ունենալով Արցախում արմատապես փոխելու ոչխարաբուծության զարգացումը՝ բարերար և գործարար Իգոր Զարգարյանին խնդրել էի համալիր ներդրումային ծրագիր իրականացնել, որի հաջողված օրինակը կարևոր նախապայման կհանդիսանա հետագայում պետական նպատակաուղղված քաղաքականություն իրականացնելու համար: Ուրախ եմ, որ հորդորս անարձագանք չի մնացել, և Իգորը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի Արախիշ համայնքի վարչական տարածքում սկսել է իր ներդրումային ծրագրի իրագործումը: Երեկ ենթաշրջան կատարած այցի ընթացքում ծանոթացել ենք կատարված աշխատանքին: Ասեմ, որ ոգևորված եմ, քանի որ այն հաջող մեկնարկ է ունեցել, իսկ մասնագետները պնդում են, որ բնակլիմայական պայմանների առումով նույնպիսի շարունակություն է ունենալու»,- գրել է Հարությունյանը: Ըստ Արցախի նախկին վարչապետի՝ Իգոր Զարգարյանը մեր հայրենասեր զավակներից է: Նրա աջակցությամբ Պաշտպանության բանակի կարիքների համար տարբեր ծրագրեր են իրականացվել: Այսօր աջակցությունը ներդրում է դառնում՝ Արցախի տնտեսությանը նպաստելու միտումով: «Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր բոլոր բարերարները Արցախը որպես ներդրումների համար հուսալի միջավայր կընկալեն: Մեր յուրաքանչյուր շրջան իրացման մեծ ներուժ և հնարավորություններ ունի, և առաջիկա տարիներին բոլորիս խնդիրն է լինելու Աստծո կողմից մեզ տրվածը խամ ու խոպան չթողնել, վերածել առավելագույն արդյունքի, որպեսզի մեր հանրապետության յուրաքանչյուր ընտանիք ապահով համարվելու համար բավարար եկամուտ ունենա»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր