2450 դիտում
21:20 30-11-2019
Զոհրաբ Մնացականյան. Հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի անհնար է
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել արտաքին քաղաքականության առավել կարևոր խնդիրներին:
[b]Զոհրաբ Մնացականյան[/b]․ Շատ ուրախ եմ և շնորհակալ, որ արձագանքեցիք ու եկաք այս միջոցառմանը։ Շատ կարևոր միջոցառում է։ Գիտեք՝ մենք ունենք «Բարի գալուստ Հայաստան» հիմնադրամ, որն Արգործնախարարության կողմից ձևավորված մի հարթակ է, որով մենք փորձում ենք միավորել և Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, դիվանագիտական անձնակազմի հետ միասին աշխատել տարբեր հարցերի շուրջ, աջակից լինել Հայաստանում աշխատող մեր օտարերկրյա գործընկերներին և իրենց ընտանիքներին, ավելի հասանելի, ավելի ընկալելի դարձնել իրենց համար Հայաստանը, Հայաստանի արժեքները, ժառանգությունը, մշակույթը և լեզուն։ Շատ ուրախ եմ, որ դիվանագիտական ներկայացուցչությունների տարբեր աշխատակիցներ, դիվանագետների կանայք նույնպես շատ ներգրավված են այս ամենի մեջ, սովորում են հայոց լեզուն, մասնակցում են տարբեր միջոցառումների, որոնք ուղղված են Հայաստանն ավելի լավ ընկալելուն և ճանաչելուն։
Այսօրվա միջոցառումն առավել յուրահատուկ է, առավել կարևոր է, որովհետև վաղը՝ դեկտեմբերի սկզբից, մենք սկսում ենք պատրաստվել տոնական շրջանին. բոլորս պատրաստվում ենք ուրախության, պատրաստվում ենք ընտանեկան ուրախության մեր ընկերական շրջապատում, մեր համայնքներում՝ տոնելու և կիսելու այդ ուրախությունը։ Եվ այդ առումով ինչ-որ չափով սա մեկնարկ է, որ նաև Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին ներգրավելով՝ մենք միասին փորձում ենք արտահայտել այդ զգացումը՝ տոնի զգացումը, որը նաև կիսվելու զգացում է։ Եվ սա նաև բարեգործական նպատակ ունի, որովհետև այս միջոցառման ամբողջ հասույթը օգտագործվելու է երեք ուղղություններով, տրվելու է երեք բարեգործական ընկերությունների: Դրանցից մեկը հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին օգնելու ուղղությամբ է լինելու, մյուսը՝ ընտանեկան խնդիրների լուծումներին ուղղված մեկ այլ բարեգործական կազմակերպության, ևս մեկը՝ ուղղված հաշմանդամների կողմից ստեղծագործությունների թվայնացման ծրագրերին: Սա շատ կարևոր բարեգործական քայլ է:
Մասնակցում է տասներեք դիվանագիտական ներկայացուցչություն: Շատ շնորհակալ եմ նաև մեր՝ հայաստանյան արտադրողներին, Արցախի մեր հայրենակիցներին, այնտեղի արտադրողներին, որոնք մասնակցում են այս միջոցառմանը և իրենց ներդրումն են ունենում։ Առավել շնորհակալ եմ, իհարկե, «Թովմասյան հիմնադրամին», որը նույնպես իր ներդրումն է անում այս գործին՝ հնարավորություն տալով օգտվել այս հարթակից և ստեղծել այդ տոնական միջավայրը։ Իրապես շատ ուրախ եմ, որ այս հնարավորությունը կա, այն գեղեցիկ ձևավորված ավանդույթ է, որը շարունակում ենք և, նաև վստահ եմ, որ այն ավելի հասանելի կլինի մեր քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, ովքեր ոգևորությամբ կգան և կմասնակցեն: Մեր մտադրությունն է հետևողականությունը պահպանել:
[b]Հարց. Պարո՛ն նախարար, միջոցառումից դուրս մեկ հարց. Ձեր գնահատականն ենք ցանկանում լսել նաև լրագրողների փոխայցելությունների վերաբերյալ Բաքու և Հայաստան: Դրանից ավելի վաղ նաև հայտարարություն էր տարածվել հասարակություններին խաղաղությանը պատրաստելու վերաբերյալ: Նախ ուզում եմ այս առումով հասկանալ՝ արդյո՞ք սա դրան միտված քայլ էր, և նաև ուզում ենք լսել, թե առաջիկայում այս մասով, նաև այդ հայտարարությունից բխող ի՞նչ քայլեր են նորից նախատեսվում, որ պետք է իրականացվեն: Եվ խոսք եղավ, որ պատգամավորներ են ներառվելու պատվիրակության մեջ, հետագայում եթե շարունակվի այդ ծրագիրը: Եվ կարո՞ղ է սա հետագայում արդեն հաշտեցման ինչ-որ առաջին քայլ համարվել, կամ նման...
[/b]
Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ Ձեզ հարցերի համար: Նախ ասեմ, որ իրապես շատ պատասխանատու պահ է։ Քանի որ, ինչպես տեսաք, այս ամենը բխում էր մեր պայմանավորվածությունից, այս ամենը բխում էր նաև մեր քաղաքականությունից, որ անհրաժեշտ է ձևավորել միջավայր, եթե մենք գործնական աշխատում ենք խաղաղ գործընթացի ուղղությամբ: Անհնար է սպասել գործնական առաջընթաց, եթե մենք չունենք համապատասխան միջավայր։ Սակայն միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել որևէ ճեղքում կամ որևէ անմիջական արդյունք այս մեկ միջոցառումից: Շատ էական էր, որ այս ծրագիրը իրականացվում էր լրագրողների մակարդակով. այսինքն այն մարդկանցով, որոնք կարծիք ձևավորող են։ Մեր՝ Հայաստանի կողմից երկու հոգի, երրորդն՝ Արցախից եղան այնտեղ, իրենց մասնագիտական բնագավառի գործընկերների հետ հանդիպեցին։ Չեն եղել որևէ պաշտոնական հանդիպումներ։ Սա ևս մտածված էր, որ նույն երեք հոգին եղան Հայաստանում, նույն հանդիպումներն ունեցան այստեղ, որ կարողացանք համակարգել. մենք կարող ենք այլ հարցերի շուրջ աշխատել։ Մենք ունենք այս արդյունքը: Ես չեմ ցանկանում շտապել, չեմ ցանկանում անմիջապես կառուցել մնացած քայլերը, որովհետև, այո՛, ես դրական եմ գնահատում այս փաստը, որ այն տեղի ունեցավ, որ մենք կարողացանք շատ ողջամիտ ձևով կազմակերպել այն։
Շատ կարևոր է, որ Ադրբեջանի լրագրողները եղան և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Մենք ստեղծեցինք մի նոր բովանդակություն, որը շատ էական է, և ես տեսնում եմ դրականը, որը ցանկանում եմ շատ զգուշորեն օգտագործել, որպեսզի մենք կարողանանք շարունակել շատ կառուցողական շարժվել դեպի այդ կարևոր նպատակը՝ մի միջավայրի ձևավորմանը, այդ թշնամության մակարդակի վերանայելուն, և սա հետևողականություն է պահանջում։ Ձեր ներողամտությունն եմ հայցում, որպեսզի չշտապենք հաջորդ քայլերի ուրվագծման հարցում, և կարողանանք շատ զգուշորեն շարժվել։
Պատգամավորների վերաբերյալ Ձեր հարցին անդրադառնամ․ չեմ ցանկանում շատ առաջ անցնել: Պատգամավորները քաղաքական գործիչներ են. արդյո՞ք այդ մակարդակի վրա ենք: Նրանք տարբեր այլ հարթակներում միմյանց հետ առնչություն ունեն, և պետք է ասեմ, որ միշտ չէ, որ այդ առնչությունները եղել են դրական: Գիտենք՝ ինչ փոխհրաձգություններ են եղել և այլն։ Որքանով հնարավոր էր պատրաստել այդպիսի քայլ, ի՞նչ մակարդակով... Լրագրողական, փորձագիտական մակարդակը, իմ կարծիքով, բավական լավ, դրական մակարդակ է, որովհետև վերաբերում է այն մարդկանց, ովքեր տեղեկություն ստեղծողն են, ներկայացնում են այն, ինչ տեսնում են, և ունեն իրենց ազդեցությունն այդ առումով։ Ես տեսա դրա դրական կողմը։
Մենք հիմա զգուշորեն վերլուծում ենք, քննարկում ենք, փորձում ենք գնահատել, թե ինչպես լավագույնս օգտագործել սա։ Մեր նպատակը մնում է նույնը։ Մենք բազմիցս խոսել ենք սրա մասին, հետևողականորեն ենք խոսել, ընդգծել՝ որքան կարևոր է այս գործառույթը խաղաղ կարգավորման ամբողջության մեջ։
[b]Հարց. Պարո՛ն նախարար, խնդրում ենք անդրադարձեք այս համատեքստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որը Ձեզ հետ միասին մեկ ամիս առաջ հնչեցրեց համատեղ ասուլիսի ժամանակ։ Ցանկանում եմ հասկանալ այն հանգամանքը, որ նաև Լավրովը հնչեցրեց, որ ցանկացած կարգավորում պետք է բխի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների կամքից։ Կարո՞ղ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի՝ ՌԴ ԱԳ նախարարի մակարդակով այսպիսի հայտարարությունը հակամարտության կամ բանակցությունների տեսանկյունից նոր բեկում լինել։ Ի՞նչ կարող է սա փոխել բանակցությունների մեջ։
[/b]
Զոհրաբ Մնացականյան. Այսպես պատասխանեմ Ձեզ․ սա իրողություն է, որի մասին մենք ինքներս շատ հստակորեն խոսել ենք։ Վարչապետ Փաշինյանը շատ վստահ խոսել է, թե ինչ պրակտիկ նշանակություն ունի Արցախի անմիջական ներգրավումն այս գործընթացի մեջ, որովհետև սա վերաբերում է իրենց, և իրականում ևս առիթ եմ ունեցել ասելու, որ նման պայմաններում ես բանակցում եմ երկու սեղանների վրա: Ես իմ գործընկերոջ՝ Մասիս Մայիլյանի հետ մշտական կապի մեջ եմ։ Եվ դուք գիտեք, որ անձամբ ես և բոլոր մյուսները, ով այս գործընթացի մեջ են, իրենք նույնպես բավական մեծ ժամանակ են անցկացնում Արցախում, խոսում ենք ղեկավարության մակարդակով, նախագահի մակարդակով, արտաքին գործերի նախարարի մակարդակով. մենք մշտապես կապի մեջ ենք, և ինչ-որ առումով դա բանակցային գործընթացն է Արցախի հետ։ Եվ սա պրակտիկ առումով արդյունավետ չէ: Արցախի լիարժեք ներգրավումն ուղղակի պրակտիկ նշանակություն ունի այս գործընթացի համար։ Այն, որ հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի անհնար է, կարծում եմ, որ սա իրողություն է, որն ընդունվել է և արտահայտվել տարբեր առիթներով, վերջին անգամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի անունից: Բայց նաև այնպես չէ, որ մյուս համանախագահների համար սա նույնչափ ընկալելի չէ։
[b]Հարց. Պարո՛ն Մնացականյան, սահմանին շարունակվում են կրակոցները, դեռևս զոհեր ու վիրավորներ լինում են։ Հնարավո՞ր է սանկտպետերբուրգյան…
[/b]
Զոհրաբ Մնացականյան. Մենք շատ հաճախ անդրադառնում ենք այս հարցին։ Սա նույնպես մեզ համար կարևորագույն հարցերից մեկն է, խաղաղ գործընթացի ամբողջության մեջ սա նույնպես սկզբունքային հարցերից մեկն է։ Մենք դա անվանում ենք էսկալացիայի ռիսկերի նվազեցման անհրաժեշտ միջոցառումներ, ինչպես որ դրանք կկոչվեն՝ Սանկտ Պետերբուրգ, Վիեննա... Այն, ինչ արտահայտվել է այնտեղ, եղել և մնում է օրակարգային և չի սահմանափակվում դրանով։ Մեզ համար սա գերակայություն է։ Բոլոր գործողությունները, որոնք ուղղված են հստակ արդյունքների, որոնք բերելու են էսկալացիայի ռիսկերի նվազեցման, մեզ համար եղել և մնում են գերակայություն։ Եվ դրանք մեր բանակցային փաթեթի կարևոր բաղադրիչ մասն են։
[b]Հարց. Պարո՛ն Նախարար, վաղը Եվրախորհրդի նոր ղեկավարը կստանձնի լիարժեք արդեն իր լիազորությունները։ Հաշվի առնելով, որ Բելգիայի նախկին վարչապետն է՝ Շառլ Միշելը, ով նաև Ֆրանկոֆոնիային էր այցելել այստեղ, ինչպիսի՞ ակնկալիքներ, սպասելիքներ ունեք։
[/b]
Զոհրաբ Մնացականյան. Այս ամբողջ շրջանում, ավելի քան այս մեկուկես տարվա ընթացքում մենք Եվրամիության հետ ունենք չափազանց հստակ, դրական օրակարգ, շատ հստակ արդյունքներով, շատ հստակ առաջընթացով։ Դուք գիտեք Եվրամիության ներգրավվածության ծավալները մեր ազգային զարգացման, մեր բարեփոխումների օրակարգում։ Այս ամենը չի փոխվում Հանձնաժողովի փոփոխությամբ, և շարունակականություն, բնականաբար, գոյություն ունի։ Եվ մենք, իհարկե, սպասում ենք, որ նոր Հանձնաժողովը սկսի գործել, որպեսզի մենք շարունակենք մեր օրակարգը։ Այդ առումով ակնկալում ենք մեր նոր գործընկերների հետ շարունակել այն, ինչ շատ հստակ և շատ ամուր ձևավորվել է այս շրջանում, այս տարիների ընթացքում, առավել ևս այս մեկ ու կես տարվա ընթացքում։
[b]Հարց․ Պարո՛ն Մնացականյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ Ալիևի հայտարարությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցով 2019թ. կարելի է համարել կորսված հնարավորությունների տարի։
[/b]
Զոհրաբ Մնացականյան. Մեկնաբանելու բան չունեմ։ Մենք ունենք մեր օրակարգը, մեր նպատակները, այս մեկ ու կես տարվա ընթացքում մենք ունենք շատ ակտիվ ներգրավում խաղաղ գործընթացում: Ինձ թվում է՝ այս բանակցային գործընթացի մեջ մեր կողմից առավել քան հստակ ի ցույց է դրված այն լրջությունը, ակտիվությունը, շփումների, օրակարգային հարցերի ծավալը, որ մենք հնարավորություն ենք ունեցել նաև ձևավորելու հարցեր: Նույն այդ լրագրողների փոխանակումը իր մեջ ևս պարունակում է այդ պատգամը, որ հնարավոր է գործնական աշխատել և ինչ-որ արդյունք ունենալ, որ մենք կարողացել ենք այդ շրջանում նաև ի ցույց բերել համատեղ հայտարարություններով հանդես գալու կարողություն։ Այս ամենը ցուցադրում է, որ մենք լրջորեն աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել այս կարևորագույն հարցի շուրջ, խաղաղ կարգավորման շուրջ։
Ինչ վերաբերում է մեր դիրքորոշումներին, սա գնահատական է, որին, բնականաբար, չեմ համաձայնելու, որովհետև, նորից եմ կրկնում, մենք ունենք շատ սկզբունքային, կարևոր հարցեր, որոնք մեզ համար առաջնային և գերակա են։ Վստահ եմ, որ կարիք չունեմ կրկնելու. շատ լավ գիտեք՝ մեզ համար ինչ է նշանակում անվտանգության բաղադրիչը այս ամենի մեջ, ինչ է մեզ համար նշանակում կարգավիճակի հարցը այս ամենի մեջ: Սրանք մեզ համար լրջագույն գերակայություններ և հարցեր են, և մենք կառուցողական, բայց սկզբունքային մոտեցմամբ շարունակում ենք աշխատել: Շնորհակալություն։
Նմանատիպ նյութեր
1929 դիտում
23:35 01-10-2015
Սիրիայի ճգնաժամի լուծումն անհնար է առանց Ռուսաստանի մասնկացության. Մերկել
2140 դիտում
15:17 23-11-2018
Մենք պետք է բարձրացնենք քաղաքական կյանքում կանանց մասնակցության մակարդակը. Զոհրաբ Մնացականյան
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1060 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային