211652_close_icon
views-count1767 դիտում article-date 20:33 26-11-2019

Առողջության ապահովագրության համակարգի նպատակը ներառական հասարակություն ունենալն է. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ առողջապահության նախարարությունը առողջության ապահովագրության համակարգը ցանկանում է ներդնել աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ հեռարձակման միջոցով հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այժմ մենք ունենք աղճատված առողջապահական համակարգ, որտեղ բնակչության մի մասի համար վճարում է պետությունը, իսկ մյուս մասի համար՝ հենց քաղաքացին: Առողջապահական ծախսերի ընդամենը 15 տոկոսն է կատարվում ոչ կանխիկ և ոչ գրպանից եղանակով, իսկ 85 տոկոսը՝ գրպանից կամ կանխիկ: Գրպանից կատարվող ծախսերի առումով Հայաստանն ունի աշխարհում վատագույն ցուցանիշը: Հաշվի առնելով մեր բնակչության եկամուտները՝ այդ ծախսերը հիմնականում աղետալի են և հանգեցնում են նրանց աղքատացմանը»,- ասաց Թորոսյանը: Նրա խոսքով՝ առողջության ապահովագրության համակարգն աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար է: ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ այդ համակարգը սոցիալական ապահովության համակարգ է և ոչ ֆինանսական շուկաների զարգացման: «2020 թվականի բյուջեն այս պահին մոտավորապես 109 մլրդ դրամ է, որը ծածկում է այս կամ այն խմբերի առողջական ծախսերը, ինչպես նաև որոշակի հիվանդությունների դեպքում՝ անկախ սոցիալական խմբից: Մեզ համար անհրաժեշտ է հավելյալ միջոցներ ներգրավել, բոլոր ծախսերը հոգալու համար: Առողջության ապահովագրության համակարգ ստեղծելու դեպքում քաղաքացիների համար պետք է կիրառվի տոկոսով հարկատեսակ: Լինելով ներառական հասարակություն և սոցիալական պետություն՝ պետք է հոգ տանենք այն քաղաքացիների համար, ովքեր այս պահին չունեն եկամուտ»,- շեշտեց Թորոսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր