48220 դիտում
13:01 22-11-2019
Նոր մանրամասներ՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը պայմանագրային զինծառայող էր, իսկ մյուս մահացածի կինն ու 3 երեխանները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Թովմասյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան վարել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արամ Գ-ն, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ համագյուղացի, 45-ամյ Նվեր Մ-ն տեղում մահացել են, իսկ վերջինիս կինը՝ նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Կարինե Ղ-ն, նրա դուստրերը՝ 16-ամյա Սոնա Մ-ն, 17-ամյա Նվարդ Մ-ն և որդին՝ 6-ամյա Վլադիկ Մ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արամ Գ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ թիվ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ վիրավոր երեխաները սովորում են Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարաններում։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/20/1141042/]հայտնել [/url]էինք, որ նոյեմբերի 20-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 22։40-ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի 34 NC 519 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնլ էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էր, որոնց մարմիները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Սիսիանի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գագիկ Մուրադյանի գլխավորությամբ։
Ժամանել էր նաև ՃՈ ավագ հետաքննիչ Սարմեն Գալստյանը, սակայն, քանի որ դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել էին 2 քաղաքացու մահ, այդ մասին տեղեկությունը ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+