ԿԳՄՍ նախարարը հաշվի չի առնում ոլորտի մասնագետների ու գիտնականների կարծիքները․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Կրթության և գիտության ոլորտում լուրջ խմորումներ են ընթանում։ Դասախոսների և ուսանողների հիմնական մտահոգությունները կապված են «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու հավանականության հարցերի հետ։
Ի պատասխան ուսանողների և դասախոսների կողմից հնչող մտահոգություններին՝ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե իրենք պատրաստ են տարբեր շրջանակների հետ քննարկումներ ունենալ։
Եվ այս համատեքստում պետք է դիտարկել Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ դասախոսների, ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչների հանդիպումը։
Ըստ էության, ԿԳՄՍ նախարարի և դասախոսների հանդիպումը ավելի շատ վերածվեց փոխադարձ մեղադրանքների հարթակի և ցույց տվեց, որ նախարարությունը նպատակ չունի կրթության և գիտության ոլորտում իր քաղաքականությունը կառուցելիս հաշվի առնել ոլորտի մասնագետների կարծիքը։
Ուստի չպետք է զարմանալ, եթե Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքողների քանակն ընդլայնվի՝ ընդգրկելով նաև պրոֆեսորադասախոսական կազմի ավելի լայն շրջանակ։
Իսկ ուսանողներն արդեն հայտարարել են, որ դասադուլը և բողոքի ակցիաները շարունակելու են նոր թափով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]