211652_close_icon
views-count1419 դիտում article-date 10:01 19-11-2019

Հայ պատգամավորները ԱՄՆ-ում ծանոթանում են ամերիկյան փորձին․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների Open World` «Բաց Աշխարհ» պետական գործակալության նախաձեռնությամբ ԱՄՆ-ի միջոցներով Հայաստանից Միացյալ Նահանգներ է հրավիրվել երիտասարդ հայ պատգամավորների խումբ՝ ամերիկյան փորձին ծանոթանալու նպատակով: Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Հայաստանի խորհրդարանի երեք ուժերը ներկայացնող պատգամավորները արդեն իսկ հանդիպումներ են անցկացրել Կոնգրեսի իրենց գործընկերների հետ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5171250.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Նրանցից ոմանք հատուկ հպարտությամբ նշում էին, որ իրենք այն 405 կոնգրեսականներից են, որ կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձեւի օգտին», - Տաթեւիկ Գասպարյանի խոսքով, Կոնգրեսում անցած քննարկումների արդյունքում ակնհայտ է՝ երկու կողմերն էլ հետաքրքրված են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ. «Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները տեղափոխվեցին միանգամայն այլ մակարդակի վրա եւ դրա վառ ապացույցն էր 296 բանաձեւի ընդունումը»: Լիլիթ Ստեփանյանն ավելացնում է՝ «Բաց Աշխարհ» ծրագիրը հնարավորություն է տալիս ֆորմալ եւ ոչ ֆորմալ հանդիպումների եւ քննարկումների միջոցով ծանոթանալ ԱՄՆ-ի մշակութային դիմագծին: Ծրագրի շրջանակներում հայ խորհրդարանականները շուրջ մեկ շաբաթ անց են կացնելու նաեւ Նյու Յորք նահանգի Ալբանի քաղաքում, որտեղ բնակվելու են ամերիկյան ընտանիքներում, քննարկումներ անցկացնելու տեղի ինքնակառավարման մարմիններում. «Ինձ հետաքրքրում է Ամերիկայի կրթական ոլորտը, համայնքների համաչափ զարգացման խնդիրները»: «Ամերիկյան, եվրոպական փորձը ինստիտուտների կայացման առումով մեզ համար շատ կարեւոր է», - Շաքե Իսայանը միեւնույն ժամանակ ընդգծում է՝ հաջողության համար կարեւոր է Միացյալ Նահանգների դրական փորձը համադրել Հայաստանի մշակույթի հետ. «Առաջնային խնդիրը, որ ես տեսնում եմ, իսկապես հզոր ինստիտուտների կայացումն է»: Հատկանշական է, որ ծրագրին մասնակցող բոլոր հայ խորհրդարանականները կանայք են: Անի Սամսոնյանի կարծիքով, Հայաստանի քաղաքական դաշտում կանանց դերի բարձրացումն ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ հասարակության շրջանում փոփոխությունների արդյունք է: Պետությունն իր կողմից անհրաժեշտ քայլերը կատարել է, այժմ քայլ պետք է անեն հենց կանայք, համոզված է Սամսոնյանը. «Կին քաղաքական գործիչները պետք է իրենք իրենց աշխատանքով քաղաքականությունը դարձնեն գրավիչ»:

Նմանատիպ նյութեր