1690 դիտում
19:18 06-11-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դասախոսությունը Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոյի հետ միասին մասնակցեց Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո:
Իր խոսքում ԱԳ նախարարը համապարփակ ներկայացրեց Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, Հայաստանում ծավալվող ժողովրդավարական բարեփոխումները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց, որ անցյալ տարվա ընտրություններում հանրության կողմից ստացված լայն մանդատը նաև վստահություն է և մեծ պատասխանատվություն կառավարության համար՝ հասցեագրելու այդ մանդատի հիմքում ընկած առաջնահերթությունները. «Առաջին ամիսների ընթացքում կառավարությունը հիմնականում կենտրոնացած էր այդ մանդատի հիմքում ընկած ամենաանմիջական պահանջները հասցեագրելու վրա. այն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական-հասարական կյանքում հավասար հնարավորությունների ապահովումը, արդարադատության ամրապնդումը, ընտրությունների անցկացումը: Միաժամանակ քաղաքական կամքի դրսևորմամբ ի ցույց դրվեց կոռուպցիայի դեմ պայքարելու, ինչպես նաև հանրության և քաղաքական ուժերի համար ընդունելի ընտրություններ կազմակերպելու կարողությունը: Սակայն դա բավարար չէ, դա միայն սկիզբն է՝ առաջին քայլը: Քանի որ ամենակարևոր մարտահրավերը և ամենակարևոր նպատակն այդ պետության կառուցվածքային կարողությունների ամրապնդումն է այնպես, որ անկախ քաղաքական կամքի առկայությունից, հանրային կառույցներն ունենան կարողություն պահպանելու այն մոդելը, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության վրա: Եվ այսօր Հայաստանում տեղի է ունենում հենց այս գործընթացը»:
Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և տարբեր գործընկերների հետ առկա համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը նշեց. «Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է շատ հետևողական կերպով՝ ապահովելու մեր ազգային անվտանգության ճարտարապետության ամրապնդումը: Դրա էությունը բացատրելու համար՝ նշեմ, որ մենք ունենք անվտանգության երկու հիմնարար մարտահրավեր: Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չկարգավորված լինելն է, իսկ մյուսը՝ Թուրքիայի սպառնալիքը: Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը, Թուրքիայի դեպքում արդարության շարունակական ժխտումը, Ցյուրիխյան արձանագրությունների մերժումը, ի լրումն նաև մի շարք այլ գործոնների, լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»:
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի բացման խոսքին հետևած հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալի՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, որոնց մասին առկա են ՄԱԿ ԱԽ բանաձևեր, Եվրոպական խորհրդարանի, ԵԽ բանաձևեր, նախարար Մնացականյանը հակադարձեց, թե արդյոք ինչպես պետք է վերաբերել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործություններին.
«Դուք լսել ե՞ք Բաքվի մասին: Լսել ե՞ք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսել ե՞ք Շահումյանի շրջանի օկուպացիայի մասին: Լսել ե՞ք Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Լսել ե՞ք Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Ուզում ե՞ք՝ շարունակեմ: Հենց սրա մասին է խոսքը: Դուք պատրաստ ե՞ք նվազեցնելու հռետորաբանությունը: Դուք պատրաստ ե՞ք հասկանալու մեր մտահոգությունները: Դուք պատրաստ ե՞ք ներգրավվելու նման երկխոսության մեջ: Թե պետք է լինի ձեր ճշմարտությունը, այլապես ճշմարտություն չկա: Պետք է լինի միայն ձեր ցանկացած ձևով լուծում, այլապես այլ լուծում չկա: Առավելապաշտական լինելով երբևէ խաղաղություն չենք ունենա: Հենց սա է ընկած իմ կողմից մատնանշված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթի առանցքում: Դուք խոսում էիք մեզ վերաբերող խնդրների մասին: Ձեզ սրբի տեղ մի դրեք:
Ես ասացի, որ կա անվտանգության հարց, որ առկա է անվտանգային միակ կազմակերպում, որ թույլ չի տալիս, որպեսզի վերսկսվի ագրեսիան, օկուպացիան. բառեր, որոնք ձեզ հայտնի են և որոնք դուք այդքան հաճախ եք օգտագործում։ Ագրեսիա, օկուպացիա և մեր 150 հազար հայրենակիցների ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգությանը սպառանացող վտանգ։ Նրանք մարդիկ են, ովքեր ունեն անուն, ընտանիք, տներ, ֆիզիկական անվտանգության մտահոգություններ, և չկա անվտանգության որևէ այլ կազմակերպում, քան այն, ինչ ունենք այսօր։ Բանակցությունները հենց դրա շուրջ են, թե ինչպես հասնել մի կետի, որը չի հասցեագրի մի կողմի առավելապաշտական պահանջները՝ մյուսների հաշվին»:
Ադրբեջանի ներկայացուցիչների հարցերի առնչությամբ, թե արդյոք ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև թե ինչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, նախարար Մնացականյանը նշեց. «Նախևառաջ կցանկանայի հղում անել նրան, ինչի մասին նշեց Բելառուսի խորհրդարանի հարգարժան անդամը: Կարծում եմ, որ նրա ուղերձը շատ կարևոր է, որը վերաբերում էր շահառու կողմերի՝ խաղաղ գործընթացի սեփականության զգացումին: Դուք իրավացի եք. հենց Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը պետք է ստանձնեն պատասխանատվությունը և հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Սա վերաբերում է նաև այն հարցին, որը տալիս էր, կարծեմ, պարոն Բախտիարը:
Վարչապետի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման: Դա ուղերձ է, որը արտացոլում է լուծման համար անհրաժեշտ մի շատ կարևոր նախադրյալ. այն է՝ կողմերի կարողությունը դիտարկել մյուս կողմի մտահոգությունները և ստանձնեն պարտավորություններն այնպես, որ արտացոլվեն յուրաքանչյուր կողմի մտահոգությունները:
Դա է խաղաղ կարգավորման տրամաբանությունը, որն պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Կարծում եմ, սա նաև վերաբերում է բարձրաձայնված մյուս հարցին:
Այժմ, ինչպես ես նշեցի, մենք ունենք որոշ առաջարկներ, որոշ գաղափարներ, որոնց հիման վրա մենք փորձում ենք կառուցել, ապաքաղաքականացնել մարդկանց միջև շփումները: Ինչպես տեսաք, մենք ունենք այս քաղաքականացված շփումները, մենք փորձում ենք մեղադրել միմյանց, մենք փորձում ենք անտարբեր լինել մյուս կողմերի մտահոգությունների նկատմամբ: Քաղաքականացված երկխոսությունը մեզ ամենևին անհրաժեշտ չէ: Կան շատ լավ գաղափարներ, և կա փոխըմբռնում, ինչպես նաև իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում, որ պետք է այնքան զգուշորեն առաջ շարժվենք, որ կարողանանք պահպանել այն, ինչ հիմա փորձում ենք անել, պահպանել այդ հարթակի ստեղծումը, որտեղ որոշակի դրական փորձառություն կարող է ձևավորվել, ինչի հիման վրա էլ կարող ենք կատարել հետագա քայլեր: Ես բերեցի լրագրողների օրինակը: Մենք կարող ենք տարածաշրջանում ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մի նոր նարատիվ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2673 դիտում
21:40 09-03-2015
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի «Պարն ու մանուկը» խորագրով համերգ-դասախոսությունը
1427 դիտում
11:30 18-04-2019
Զոհրաբ Մնացականյանը բարձր մակարդակով քննարկում է անցկացրել Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց