Էրդողանի այցելությունը ԱՄՆ հնարավոր է՝ հետաձգվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ծրագրած այցելությունը Միացյալ Նահանգներ, որը նախատեսված էր հաջորդ շաբաթ, հնարավոր է, որ հետաձգվի: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ դա արվում է՝ ի նշան բողոքի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ:
Էրդողանը Վաշինգտոնում պետք է լիներ նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, սակայն նախորդ շաբաթ հայտարարել է, որ քվեարկությունը հարցականի տակ է դնում հետագա նախագծերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։