211652_close_icon
views-count3536 դիտում article-date 17:14 02-11-2019

Հիշատակի երեկո՝ նվիրված Գիա Կանչելիին. հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր Գիդոն Կրեմերը

Նոյեմբերը 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում երեկո կնվիրվի վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին։ Գիա Կանչելին հրավիրված էր մասնակցելու կոմպոզիտորական փառատոնին, սակայն նա կյանքից հեռացավ մոտ մեկ ամիս առաջ։ Մաեստրո Կանչելին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն բարեկամներից էր, ում ստեղծագործությունները նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, բազմիցս կատարել է և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս։ Նոյեմբերի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան «Գրեմմի» մրցանակակիր, ջութակահար Գիդոն Կրեմերը և թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեն։ Համերգին կմասնակցեն նաև «Այբ» դպրոցի երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գիա Կանչելիի ստեղծագործությունները։ Լատվիայում ծնված և այժմ աշխարհի լավագույն ջութակահարներից մեկը համարվող Գիդոն Կրեմերը հանդես է գալիս լավագույն նվագախմբերի հետ, ամենահայտնի դիրիժորների ղեկավարությամբ։ Նա նաև հետաքրքիր գրական ստեղծագործական կյանք ունի։ Նա չորս գրքի հեղինակ է, որոնցից վերջինը գրվել է 2013 թվականին և կոչվում է «Նամակներ երիտասարդ դաշնակահարին»։ Նա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Հայ հանդիսատեսն այժմ հնարավորություն ունի վայելելու ջութակի այս մեծ վարպետի կատարումները։ Նշենք, որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր