211652_close_icon
views-count2607 դիտում article-date 17:35 29-10-2019

Ավետիք Իշխանյանն ու Արտակ Բեգլարյանը պատրաստ են իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորել Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար

Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արսեն Բաբայանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը: «Նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն ենք ներկայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին»,-գրել է նա։ Հիշեցնենք որ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։ Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:

Նմանատիպ նյութեր