211652_close_icon
views-count2976 դիտում article-date 19:30 17-10-2019

Ռուսաստանի և միջնորդ երկրների խնդիրն է հասնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը. Զախարովա

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին միշտ կառուցողական մոտեցման կոչ է արել։ Այդ մասին ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե իբր «Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչված է Ադրբեջանի անբաժան մաս»։ Զախարովան ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չէ ու չի կարող իմանալ, թե ինչ նկատի ուներ Ալիևը՝ արտահայտվելով այս կամ այն հարցերի մասին։ «Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան։ Նա նշել է՝ իրենք տեսնում են մեծ քանակությամբ քաղաքական հայտարարություններ, հուզականության տարբեր աստիճանով, պատմական համատեքստին, արդի համատեքստին տարբեր աստիճանի կապվածությամբ։ «Մենք ելնում ենք այն բանակցային օրակարգից, որն ունենք սեղանին: Ռուսաստանն աշխատում է կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով»,- ասել է նա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի և այլ միջնորդ երկրների խնդիրն է հասնել հակամարտության վերջնական կարգավորմանն ու նպաստել գործընթացի առավելագույն արագացմանը: «Մեր կողմից մենք մշտապես կառուցողական մոտեցման կոչ ենք արել կողմերին: Եվ կասկածել, որ հենց դա է նրանց նպատակը, ես չեմ կարող ու չեմ ցանկանում, քանի որ բոլորը պատասխանատու քաղաքական գործիչներ են և արտահայտում են իրենց ժողովուրդների ակնկալիքները: Եվ բոլոր ժողովուրդներն այդ ճգնաժամի ողջ ընթացքում մշտապես պատվիրակել են իրենց ղեկավարություններին այդ հարցի կարգավորումը: Այդ պատճառով մենք զբաղվում ենք մեր դերով, ինչպես մենք ենք կարծում, առավելագույնս կառուցողական, ու բոլորին կառուցողական աշխատանքի և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչ ենք անում»,- ասել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր