2469 դիտում
14:00 09-10-2019
Աննա Հակոբյանն ու Բեռլինի «Շարիտե»-ի մանկական ուռուցքաբանության կլինիկայի տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին հյուրընկալել է Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն Անգելիկա Էգերթին։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը ներկա են գտնվել Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ուռուցքաբան Գևորգ Թամամյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։ Հանդիպմանը տիկին Էգերթը պատմել է Երևան կատարած իր այցի մանրամասները, ներկայացրել Արյունաբանական կենտրոնում ունեցած հանդիպումներն ու ստացած տպավորությունները։
«Պետք է ասեմ, որ ես շատ զարմացած եմ։ Ես եկել էի որպես զարգացած բժշկություն ունեցող երկրից, բայց այն ինչ տեսա այստեղ՝ հրաշալի է, շատ զարգացած է և մանկական ուռուցքաբանության ոլորտը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Բժիշկները շատ պրոֆեսիոնալ են»,- ասել է Անգելիկա Էգերթը՝ առանձնահատուկ շեշտելով հանգամանքը, որ մեկ կենտրոնում են գործում մանկական արյունաբանական կենտրոնը և մանկական ուռուցքաբանության կենտրոնը։ Ըստ տիկին Էգերթի, Գերմանիայում նման կենտրոն չկա և Գերմանիան պետք է Հայաստանից վերցնի այդ փորձը, որը շատ արդյունավետ է։
«Շատ ուրախ եմ ձեր գնահատականների համար։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Դա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Դա մեր բժիշկների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ մենք այսօր ունենք նման մակարդակ»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեխնիկական սարքավորումները բարձր մակարդակի վրա չեն, սակայն մասնագետները բարձր որակավորում ունեն և համարվում են փայլուն մասնագետներ։ Աննա Հակոբյանը շեշտել է, որ իր գործունեության նպատակն է Հայաստանում քաղցկեղի մեծ տարածաշրջանային կենտրոն ստեղծել։ Տիկին Հակոբյանը շեշտել է, որ ներկայում ընթացքի մեջ է պալիատիվ կենտրոնի և խնամքի տան կառուցման հարցը։
Խոսելով Երևան այցի արդյունքների մասին, տիկին Էգերթը նշել է, որ ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ։ Դրանցից մեկը Tellmedicine-ի իրականացումն է, որի շնորհիվ հայ և գերմանացի բժիշկները տեսակապի միջոցով կկարողանան քննարկել բարդ դեպքերը։ «Tellmedicine-ի գաղափարը շատ լավն է։ Բազմաթիվ հայեր ցանկանում են իրենց բուժումն իրականացնել ոչ թե Երևանում, այլ Գերմանիայում։ Անգամ, երբ մեր բժիշկները հավաստիացնում են, որ բուժումը լիովին հնարավոր է իրականացնել Երևանում և հաղթահարել հիվանդությունը, շատերը, միևնույն է ցանկանում են մեկնել Գերմանիա։ Նրանցից շատերն անգամ փախստական են դառնում։ Դա մեծ խնդիր է երկու երկրների համար։ Եվ այժմ, երբ հնարավոր է, որ պացիենտները տեսնեն նաև այդ քննարկումների արդյունքները, տեղեկանան, թե գերմանացի բժիշկներն ինչ կարծիք ունեն, դա նրանց ավելի մեծ վստահություն կհաղորդի»,- ասել է Աննա Հակոբյանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համատեղ վերապատրաստումներ անցկացնելու ուղղությամբ։ Տիկին Էգերթը շեշտել է, որ այդ ուղղությամբ Գերմանիայում լուրջ աշխատանք ունի կատարելու և մի քանի հիմնադրամների ներկայացնելու է ծրագիրը, որպեսզի նրանցից ստանա աջակցություն։
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ հարցեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2078 դիտում
17:30 09-10-2019
Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Շարիտե» մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրենին
1291 դիտում
00:33 25-02-2014
Տիմոշենկոն բուժվելու է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում
1322 դիտում
16:41 25-12-2018
Աննա Հակոբյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են մանկական քաղցկեղի դեմ պայքարում համագործակցության ուղիները
Այս բաժնից
724 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
607 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
412 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը