996 դիտում
17:48 07-10-2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վերահավատարմագրվում է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) վերահավատարմագրվում է։ Հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։
Հոկտեմբերի 7-12-ը փորձագիտական խումբը կայցելի համալսարան՝ դիտարկելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՊՏՀ-ում առաջին հավատարմագրումից ի վեր, որքանով է իրականացվել բուհի բարելավման ծրագիրը և կգնահատի բուհի գործունեությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներին համապատասխանության տեսանկյունից։
Այցի օրերին հանդիպումներ տեղի կունենան բուհի կառավարման խորհրդի անդամների, ռեկտորի պաշտոնակատարի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման պատասխանատուների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործատուների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ։ Փորձագետները հանդիպումներ կունենան նաև ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Բացի այդ, փորձագետները կիրականացնեն ռեսուրսների դիտարկում, փաստաթղթերի ուսումնասիրություն։
Նշենք, որ մինչև բուհ այցելությունը փորձագետներն ուսումնասիրել են ՀՊՏՀ ինքնավերլուծությունը, դուրս բերել ուժեղ և թույլ կողմերը, իրականացրել նախնական գնահատում։ Իսկ այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որտեղ կմատնանշեն ՀՊՏՀ խնդիրները և բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։
Հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և բարելավման ծրագրի վրա։
ՀՊՏՀ-ում արտաքին գնահատում իրականացնող խմբի ղեկավարն է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետի տեղակալ, ՀՌՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մարիամ Մոմջյանը։ Խմբի մյուս անդամներն են Վարշավայի համալսարանի և Պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր, Բարձրագույն կրթության հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի (ECA) ֆինանսական կոմիտեի անդամ Մստիսլավ Սոխան, ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գուրգեն Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի Դրամավարկային քաղաքականության վարչության պետ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Գրիգորյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Նենսի Մկրտչյանը։
Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Քարտուղարության ղեկավար Անահիտ Ութմազյանը։
Նշենք, որ ՀՊՏՀ-ն առաջին անգամ 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 2015-ին։
Նմանատիպ նյութեր
3283 դիտում
18:04 27-05-2014
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ
9846 դիտում
11:21 21-06-2018
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պարզաբանում է
Այս բաժնից
712 դիտում
18:01 21-11-2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
865 դիտում
17:36 21-11-2024
Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան