2422 դիտում
16:39 07-10-2019
Յուրի Ջորկաեֆ. Ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ օգտագործում են իմ կերպարը՝ առանց իմ համաձայնության, հատկապես՝ կոմերցիոն նպատակներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Vnews.am
Vnews-ը զրուցել է ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, ՖԻՖԱ հիմնադրամի գլխավոր տնօրեն, հայկական Softconstruct ընկերության և VBET բրենդի համաշխարհային դեսպան Յուրի Ջորկաեֆի հետ:
-Շնորհակալ ենք հարցազրույցի հրավերը ընդունելու համար և շնորհավորում ենք FIFA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կկիսվե՞ք զգացողություններով:
-Այո, վերջերս ես դարձա FIFA հիմնադրամի գլխավոր տնօրեն: Եվ սա ևս մեկ առիթ է խորհելու, թե ինչպես զարգացնել ֆուտբոլը այն տեղերում, որտեղ դա բարդ է անելը կամ, որտեղ ընդհանրապես չկա ֆուտբոլ: Հիմնադրամի ծրագրերը կուղղվեն այն համայնքներին, մարդկանց և երեխաներին, որոնք, ցավոք, չունեն ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն, չունեն կրթություն և իրենց կյանքում հաճելի պահեր ունենալու հնարավորություն: Մենք ծրագրում ենք մեծամասշտաբ միջոցառումներ ամենուր: Եվ քանի որ ՖԻՖԱ-ն հնչեղ անուն է և հզոր կազմակերպություն, հիմնադրամն էլ պետք է լինի այդ բարձունքին: Այսպիսով, ներկայումս իմ գործն է՝ գնալ այնտեղ, որտեղ մարդիկ պահանջում են, ինչպես նաև այնտեղ, որտեղ կարծում ենք, որ մեր ներգրավվածությունն ու միջամտությունն անհրաժեշտ են:
-Կպատմե՞ք՝ որն է այս անգամ Հայաստան այցի Ձեր առաքելությունը:
-Ինչպես գիտեք, արդեն մեկ տարի է, ինչ ես Softonstruct կոչվող հայկական ընկերության դեսպանն եմ: Այն պահից ի վեր, ինչ ես ծանոթացա այս ընկերության սեփականատիրոջ՝ Վիգենի հետ, մենք շատ մտերմացանք և բարեկամացանք և ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում գալ Հայաստան, ես առիթը բաց չեմ թողնում՝ գալու և լինելու իր կողքին, ներկայացնելու այս հոյակապ ձեռնարկատիրոջը և մարդուն և այն ամենը, ինչ նա անում է երկրի համար, Ինձ համար դա շատ կարևոր է:
Այսօր ես Softconstruct-ի անունից հրավիրված եմ WCIT-ին: Անհավատալի բան է: Եվ այն, որ WCIT Հայաստանում է, դա ուղղակի արտակարգ է: Ես տեսնում եմ մարդկանց ոգևորությունն ու հուզմունքը: Կան շատ մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Հայաստան, սա շատ կարևոր է, քանի որ տեխնոլոգիան է, թերևս, Հայաստանի ապագան: Հունիսին, երբ ես Հայաստանում էի, առիթ ունեցա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ ճամփորդության գնալու: Գնացինք Վանաձոր՝ մրցանակներ պարգևելու երիտասարդ ստեղծարարներին և ձեռներեցներին:
Երևանից Վանաձոր ճանապարհը մեքենայով տևեց երկուսուկես ժամ, և նախարարն ինձ բացատրեց, թե տեխնոլոգիան ինչ կարող է տալ Հայաստանին, և թե ինչքան լավ կողմնորոշում և տաղանդ ունեն հայերը այս ոլորտում: Նա ինձ բացատրեց ամեն ինչ, և ես ինքս էլ տեսնում եմ ու ինչով հիանում: Կա ապագա, և կան լավ նախադրյալներ և ծրագրեր երկրի համար, երիտասարդության, Softconstruct-ի նման ընկերությունների համար, որոնք աշխատում ու զարգանում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում:
Այսպիսով, վերադառնամ WCIT- ին, և ասեմ, որ չնայած որ ես այս ոլորտից չեմ, բայց ես հասարակական գործիչ եմ, և կարևորում եմ իմ՝ այստեղ ներկա գտնվելն ու ՀՀ կառավարության այսպիսի նախաձեռնություններին աջակցելը:
-Ունե՞ք արդյոք Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կամ գուցե կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու պլաններ:
-Ես հիմա ՖԻՖԱ-ում եմ և ՖԻՖԱ-ն շատ է աջակցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Վերջերս ՖԻՖԱ-ն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքեց զարգացման պայմանագիր:
Հաջորդ 5 տարիների ընթացքում կիրականացվի ավելի քան 50 փոքր ֆուտբոլային դաշտերի ստեղծում և բարեկարգում, նպատակն այն է, որ բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր Երևանում չեն բնակվում, ամբողջ հայ բնակչությանը՝ հնարավորություն տրվի ֆուտբոլային դաշտ ունենալու: Այս ծրագիրը շատ հավակնոտ է, այն 90%-ով ֆինանսավորվում է ՖԻՖԱ-ի կողմից, և դա մի բան է, որը ստորագրվել է նախքան իմ ժամանումը, բայց, ես ներկա եմ, որպեսզի այն իրագործվի և հենց այն բանի համար, որ Հայաստանը զարգանա նաև սպորտով, քանի որ ես հավատում եմ, որ սպորտը դարձել է զարգացումն ապահովող բավականին անհավատալի գործիք, և Հայաստանում անհրաժեշտ է ունենալ ավելի շատ ենթակառուցվածքներ և ավելի շատ միջոցներ՝ հայ երիտասարդներին, բոլոր երիտասարդ աղջիկներին և տղաներին, միշտ շատ կարևոր է նշել աղջիկներին և տղաներին համախմբվելու սպորտի շուրջ:
Մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1319 դիտում
14:08 01-07-2014
Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է. Յուրի Ջորկաեֆ
Այս բաժնից
3088 դիտում
19:40 16-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ի մեդալային հաշվարկում Հայաստանը լավագույն հնգյակում է
3133 դիտում
15:28 16-12-2024
Յուրի Սաքունցը` պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBU վարկածով աշխարհի չեմպիոն
3253 դիտում
21:31 15-12-2024
Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի 4-6 շաբաթ