211652_close_icon
views-count1175 դիտում article-date 15:38 30-09-2019

«WCIT 2019»․ երբ հանդիպում են նորարարությունը, տեխնոլոգիաներն ու տաղանդը. Երևանում համաշխարհային համաժողովի բացումը կազդարարվի աննախադեպ մեգանախագծով

Երևանում հոկտեմբերի 6-9-ին կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումը կազդարարվի աննախադեպ մեգանախագծով․ «WCIT-2019»-ի կազմակերպիչները համադրել են տաղանդն ու նորագույն տեխնոլոգիաները։ Միջոցառմանն ընդառաջ ձևավորվել է նվագախումբ, որն առաջին անգամ բեմ կբարձրանա «WCIT-2019»-ի հանդիսավոր բացման նպատակով և ի շարս համաշխարհային գլուխգործոցների, պատմության մեջ առաջին անգամ կկատարի նաև արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։ Այնուհետև համերգային ծրագրով հանդես կգա Գրեմիի մրցանակակիր DJ Արմին վան Բյուրենը: Համերգը կկայանա հոկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում։ Նվագախմբի երաժիշտներն արդեն Հայաստան են ժամանում (տեսանյութ), գլխավոր փորձը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին։ «WCIT» նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժիշտ, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները. Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։ Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Աննախադեպ ձևաչափի նվագախմբի համերգային ծրագրում ներառված է վերոնշյալ 14 երկրները խորհրդանշող ու հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շար։ Հրապարակին հարակից շենքերին կպրոյեկտվեն նշված 15 երկրները խորհրդանշող տեսարաններ։ «Մենք ի սկզբանե նպատակ ենք դրել անմոռանալի ու նշանակալից դարձնել Երևանում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովը․ սա այն անակնակալներից է, որ պատրաստել ենք միջազգային հանրության համար՝ ցույց տալու հայերի նորարար միտքը։ Ինչպես հայտնի է, երաժշտությունը գրելու է արհեստական բանականությունը, որին մենք արհեստական տաղանդ ենք ասում: Մենք ապացուցում ենք, որ աշխարհի կենտրոնն այնտեղ է, որտեղ տաղանդ ու նորարարություն կա, այս դեպքում՝ Երևանի սրտում, Հանրապետության հրապարակում»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։ «Համարվում է, որ տեխնոլոգիաները հեռացնում են մարդկանց։ «WCIT» համաշխարհային նվագախմբի ստեղծմամբ մենք կոտրում ենք այդ կարծրատիպը․ նվագախումբը համախմբում է տարբեր երկրների երաժիշտների՝ նրանց համար շփման նոր հարթակ ապահովելով։ Այս միավորմանը նպաստում են երաժշտությունն ու տեխնոլոգիաները՝ որպես հաղորդակցման միջոց։ Համաշխարհային նվագախմբերը, որպես կանոն, կազմավորվում են գաղափարի շուրջ: ՏՏ աշխարհը «WCIT» նվագախմբի ստեղծմամբ ընդգծում է արվեստի, երաժշտության ուժը: Լինելով դասական երաժշտության կողքին՝ ՏՏ համայնքը տեխնոլոգիաների և արվեստի համադրմամբ նպաստում է դասական երաժշտության զարգացմանը»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Բացման արարողությունը կեզրափակվի համաշխարհային դասի նորարար երաժիշտ Արմին Վան Բյուրենի հիպնոսացնող հնչյուններով ու տպավորիչ վիզուալ էֆեկտներով։ Արմին Վան Բյուրենը Գրեմիի մրցանակակիր և ռեկորդների հեղինակ DJ է, որի եզակի միքսերի շնորհիվ «տրանս» ոճը աշխարհում լայն տարածում է գտել։ Վան Բյուրենի խիտ գրաֆիկը ներառում է տարեկան ավելի քան 150 համերգ։ Նա նաև գլխավորում է մի շարք խոշոր փառատոններ՝ «Electric Daisy Carnival», «Ultra Music Festival» և «Tomorrowland»։ Նրա ելույթը եզակի է լինելու տարածաշրջանի համար։ *** «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։  [b]Հանրային կապերի խումբ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր