Խոշոր ու ողբերգական ավտովթար Սևանի «գաի պոստի» հարևանությամբ. Renault Megane-ը մխրճվել է Lexus-ի մեջ. վերջինս էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. կա 1 զոհ, 2 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ սեպտեմբերի  27-ին,    խոշոր ու ողբերգական ավոտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում  Renault Megane մակնիշի  35 XO 160 համարանիշի  ավտոմեքենայի վարորդը  երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում,  դեպի Դիլիջան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 51-ամյա   Հուսիկ Սեդրակյանին պատկանող Lexus ԼX 570 մակնիշի  77 ԼX 775 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Renault-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդն ու  1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել Lexus-ի  վարորդը, քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Սևանի հրշեջ-փրկարարները:
Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ հարվածի հետևանքով Lexus-ը  առաջ է ընթացել և բախվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշին:
Դեպքի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Ժամանել է ն նաև ոստիկանության Գեղարքունիքի  մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝  բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:
 Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի  և ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ:
Փասստի առթիվ Ա. Անտոնյանի որոշմամբ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր ր-ի 242 հոդվածի 2-րդ մասի  (ճանապարհատրանսպորտային  պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)  հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների  ամբողջական տվյալները:
Քննիչի հանձնարարականով ավտմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Renault Megane-ի վարորդի կնոջ եղբայրն էր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


