1070 դիտում
18:30 25-09-2019
Հայաստանում տարեկան կտրվածքով ՀՆԱ աճի կանխատեսումը թուլացել է. ԱԶԲ զեկույց
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից այսօր թողարկվել է 2019թ. Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) զեկույցի թարմացված տարբերակը, ըստ որի Հայաստանում տարեկան կտրվածքով աճը թուլացել է՝ 2018 թ. առաջին կիսամյակի 8.7%-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 6.8%-ի, ինչը շարունակում է մնալ կայուն՝ արտացոլելով կենսունակ ներքին պահանջարկը:
Արդյունաբերությունը, առանց շինարարության ոլորտի, արձանագրել է բարձր ցուցանիշներ՝ ընդլայնվելով 5.2%-ով, պայմանավորված նրանով, որ աճն արտադրության և հանքարդյունաբերության մեջ գերակշռել է էլեկտրաէներգիայի ավելի ցածր արտադրությանը: Շինարարությունն աճել է 3.5%-ով՝ հիմնականում ի հաշիվ ավելի շատ բնակարանաշինության:
Ծառայություններն աճել են 9.8%-ով՝ ի հաշիվ տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, ապահովագրության և հանգստի ոլորտներում արձանագրված մեծ ձեռքբերումների: Անբարենպաստ եղանակները զսպիչ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտի վրա, որը, 2018թ. արձանագրելով ընդհանուր 8.5%-ի նվազում, շարունակել է այդ միտումը՝ 2019 թ. առաջին կիսամյակում արձանագրելով 6.9%-ով անկում:
Ըստ զեկույցի թեմատիկ գլխի՝ զարգացող Ասիայի բարգավաճող քաղաքներին պետք են տարածքային և տնտեսական արդյունավետ ու համակարգված պլանավորմամբ ապահովված արդյունավետ տրանսպորտային ցանցեր և մատչելի բնակարանաշինություն, որպեսզի դրանք շարունակեն մնալ որպես շարժիչ ուժ տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման համար:
«Հայաստանի Կենտրոնական բանկը պահպանեց իր հարմարվողական դրամավարկային դիրքերն աճին աջակցելու նպատակով, մինչդեռ կառավարությունը շարունակեց հետամուտ լինել հարկաբյուջետային քաղաքականության կոշտացմանը: Ունենալով ցածր գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ կայուն փոխարժեք՝ Կենտրոնական բանկը նվազեցրեց քաղաքականությամբ սահմանված իր տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ 2019թ. հունվարին այն հասցնելով 5.75%-ի:
Տարեկան միջին գնաճը 2018թ. առաջին կեսի 2.4%-ից դանդաղեց՝ 2019թ. նույն ժամանակահատվածում հասնելով 2.0%-ի՝ այդպիսով արձանագրելով գների 3.6% աճ սննդամթերքի, 1.2% աճ սպառողական ապրանքների և 0.2% աճ ծառայությունների համար: Նախորդ տարվա համեմատ՝ 2019թ. հունիս ամսին գնաճը կազմել է 2.5%՝ այն է Կենտրոնական բանկի 2.5%-5.5% թիրախի ստորին սահմանին:
Այսպիսով, սույն Թարմացված տարբերակը նվազեցնում է 2019թ. համար գնաճի կանխատեսումը, սակայն պահում է ավելի բարձր կանխատեսում 2020թ. համար՝ ցածր և միջին եկամուտ ստացողների հարկային բեռի նվազեցման նպատակով եկամտահարկի դրույքաչափերի նվազեցման, 2019թ. սեպտեմբերից և հոկտեմբերից որոշ պետական աշխատողների խմբերի աշխատավարձերի պլանավորված բարձրացումների, 2020թ. հունվարից թոշակների ավելացման և ոչ Եվրասիական տնտեսական միության երկրներից ներմուծման համար նախատեսվող ավելի բարձր մաքսատուրքերի լույսի ներքո:
Ներկայիս վճարային հաշվեկշռի պակասուրդը 2018թ. առաջին կիսամյակի ՀՆԱ-ի 10.4%-ի համարժեքից ընդլայնվեց՝ մեկ տարի անց հասնելով 10.9%-ի, ինչը պայմանավորված է առևտրի պայմանների վատթարացմամբ, հիմնական առևտրային գործընկերների արժույթների, այդ թվում եվրոյի և ռուսական ռուբլու, ու ներդրումային եկամուտի նկատմամբ հայկական դրամի արժևորմամբ, արտասահմանից աշխատողների վաստակած գումարներով և փոխանցումների նվազումով: Արտահանումը նվազել է տարեկան 7.8%-ի, իսկ ներմուծումը 2.8%-ի չափով՝ ընդլայնելով ապրանքների առևտրի պակասուրդը՝ 2018թ.
առաջին կիսամյակի ՀՆԱ-ի 14.2%-ի համարժեքից՝ մեկ տարի հետո հասնելով 14.4%-ի:
Ելնելով 2019թ. առաջին եռամսյակի զարգացումներից՝ Թարմացված տարբերակը բարձրացնում է 2019 և 2020 թվականներին ընթացիկ վճարային հաշվեկշռի պակասուրդի կանխատեսումները»,-ասված է զեկույցում:
Նմանատիպ նյութեր
953 դիտում
10:39 05-10-2015
Համաշխարհային բանկը նվազեցրել է Չինաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
4826 դիտում
17:56 21-12-2017
Հայաստանում տարածքային աճի բևեռները կապահովեն ՀՆԱ-ի փաստացի աճ
Այս բաժնից
469 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
619 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
502 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը