Մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը
Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը մինչև սեպտեմբերի 26-ն ամեն օր դասական երաժշտության երեկոներ կպարգևի բարձրարժեք երաժշտության սիրահարներին։
«Արմենիա» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Փառատոնի մեկնարկային համերգին, որը ղեկավարում էր մեծ ճանաչում ունեցող դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը, նվագախմբի հետ հանդես եկան անվանի մենակատարներ՝ Եղիսաբեթ թագուհու մրցույթի հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը և Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը։ Ներկայացվեցին Ֆելիքս Մենդելսոնի, Ալեքսեյ Շորի, Ռոդիոն Շչեդրինի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։
Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը փառատոնի հյուրն է, ներկա է լինելու, փառատոնային համերգներին։ Ասում է՝ միշտ սպասում է իր երևանյան այցելություններին, և ուրախ է, որ կայանալու են իր երկու ստեղծագործությունների պրեմիերաները։
Այսօր երեկոյան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ կունենա աշխարհում մեծ ճանաչում վայելող օպերային երգչուհի Աննա Կասյանը։